Մահացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը
Նախօրեին հանկարծամահ է եղել լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը։
Ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 12-ին, Վրաստանում։ 1974-1978 թվականներին բնակվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: 1979-1980 թվականներին սովորել է Բելառուսիայի Շուչին քաղաքում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։
Լուսանկարներ է ստեղծել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի օրացույցի համար։ Լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադառնում էր սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։
Ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Մոսկվայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում։ Անհատական 30 շրջիկ ցուցահանդեսներով հանդես է եկել սահմանամերձ գյուղերում։
«Լուսանկարը բացիկ չէ, այլ պատմություն է, և այդ սկզբունքով էլ աշխատում եմ տարիներ շարունակ»,- ասել է Գերման Ավագյանը։
«.. ընդամենը երկու օր առաջ երկար զրուցում էինք, հազար նպատակներ և ծրագրեր ուներ Գյումրու հետ... երկու օր առաջ, ուրբաթ օրը ուզում էր գնացքով Գյումրի գալ ու մասնակցել դոմիկի մի բնակչուհու նշանադրությանը, հետն էլ ֆոտոներ էր ուզում անել և նվիրել, 20 հազար դրամ էլ իր կողմից նվիր էր պատրաստել... չգիտեմ ինչու համոզեցի, որ չգա, խորհուրդ տվեցի որ սպասի և հարսանիքին մասնակցի, շատ երկար զրուցեցինք, համատեղ պլաններ ունեինք, բարևներ փոխանցեց ..., թեև Ամանորը Գյումրիում էր դիմավորել....
Աղքատանում է Հայաստանի մարդկայինը, կյանքը, մշակույթը...անգամ հավատս չի գալիս, որ ցավակցական խոսքեր գրեմ...»,- լուսանկարչի մահվան մասին լսելուց հետո ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիում «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը։