ԿԳՄՍՆ. Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի
Այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարթությունյանը լավ լուր հայտնեց։
Նա շրջաբերական է ուղարկել, ըստ որի՝ հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն, փետրվարի 17-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի բժշկական տեղեկանքի առկայության պայմաններում: Մայիսին բացակայությունների թիվը հաշվելիս այդ ընթացքի բացակայությունները կհանվեն։
Ա. Հարությունյանը հիշեցրեց, որ 120 բացակայության դեպքում աշակերտը պետք է վերաքննություն հանձնի։
«Շատ դեպքերում վերաքննությունից վախենալով, աշակերտը հիվանդ վիճակում է գալիս է դասի, վարակում մյուս երեխաներին»,-որոշման պատճառը ներկայացրեց նա։
Նախարարն ասաց՝ մշտական կապի մեջ է առողջապահության նախարարի հետ, դասերը դադարեցնելու պատճառ չեն ունեցել, հիմա որոշակի կայունացում կա։
«Մենք հիմա հնարավորություն ենք ստեղծում, որ այդ ընթացքում սուր շնչառական հիվանդության պատճառով դպրոց չայցելած երեխաների բացակայությունները համարվեն հարգելի։ Մենք անցած շաբաթ բացակայությունների աճ չենք գրանցել»,-ասաց նախարարը` առողջություն մաղթելով դպրոցականներին։