ԶՈՒ ԳՇ պետ. Նշանակել պատասխանատու զինծառայողի մահվան որևէ դեպքի համար, գտնում եմ ոչ ճիշտ
Ովքե՞ր են պատասխանատվություն կրելու հայկական բանակում վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում 13 զինծառայողների մահվան համար։ Հարցն ուղղված էր ԱԺ եկած ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին։
«Մենք ունենք օրենք, որի առաջ պատասխանատու են բոլորը։ Մեղավորները կորոշվեն դատարանի վճռով։ Հիմա նշանակել պատասխանատու որևէ դեպքի համար, գտնում եմ ոչ ճիշտ»,-ասաց ԳՇ պետը։
Նրա խոսքով, յուրաքանչյուր մահվան դեպքով իրականացվում է ծառայողական քննություն, դրանց արդյունքների հիման վրա ունեցել են սպայական կազմի և պաշտոնից հեռացումներ, և զորացրումներ։
«Նաև ասեմ, որ ունենք խրախուսումներ, որոնց դեպքում կանխվել է ինքնասպանություն»,-նշեց Ա. Դավթյանը։
Կա՞ն բանակում քրեական ենթամշակույթի տարրեր, ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դավթյանն արձագանեց, դրան պետք է պատասխան տրվի քրեական գործերի շրջանակում, բանակում կան նման էլեմենտներ, ինչպես հասարակությունում։
«Չի կարող հասարակությունում լինել, բանակում չլինեն ինչ-որ երևույթներ։ Իհարկե, կան։ Դրա ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ են տարվում, իհարկե աշխատելու շատ դաշտ ունենք»,-կարծիք հայտնեց Դավթյանը։