Զգուշացումներ ներսից ու դրսից
Փետրվարի 18-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը սկսվեց և անմիջապես ավարտվեց՝ Յուրի Խաչատուրովի թարգմանչի չներկայանալու պատճառաբանությամբ։ Ընդ որում, անգամ կարծիք հայտնելու հնարավորություն չտրվեց Յուրի Խաչատուրովին և իր պաշտպանին։ Հիշեցնենք, որ առանց այդ էլ նշված գործով դատական նիստերը, չգիտես ինչու, ավանդաբար նշանակվում են միայն երեքշաբթի օրերը։
Եվ այսքանից հետո որևէ մեկը համարձակվո՞ւմ է ձգձման մեջ մեղադրել փաստաբաններին, ովքեր ընդամենն իրենց պարտականությունների և իրավունքների շրջանակներում իրականացնում են իրենց պաշտպանյալների պաշտպանությունը։ Նրանց ներկայացրած օրինական միջնորդությունները նյարդայնացնում են մեղադրող կողմին և տուժողներին, առաջիններին ստիպելով կասկածելի մեկնաբանություններով մանևրել օրենքների մեջ, իսկ երկրորդներին՝ տասնյակ անգամ կրկնել միևնույն սրտաճմլիկ ելույթները։
Իսկ կողքից դիտողին այսօրվա երկու րոպեանոց նիստը ստիպում է մտածել, որ դատարան-դատախազություն լիովին խճճվել են շինծու մեղադրանքներն ապացուցելու անհնարինության մեջ, և այս ձգձգումներով ժամանակ են ձգում՝ մինչև ոմանք վերջապես հստակ կկողմնորոշվեն անելիքների մեջ։
Բայց, ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ Վիկիլիքսի բացահայտումների տեսքով։ Անտեսել գուցեև կկարողանային, եթե Արմեն Գևորգյանի դեմ հարուցված մեղադրանքի հիմքը Վիկիլիքսի մի հրապարակումը եղած չլիներ։ Ահա այսպես, սեփական կեղծիքների սարդոստայնում ծուղակն ընկած գործ սարքողներն իրենք են հայտնվել խելամիտ որոշում կայացնելու պարտադրանքի առաջ։ Բայց քանի որ չկա վերին հրամանը՝ չեն համարձակվում կտրել պարանը։
Իսկ դա կարելի անել հեշտ ու հանգիստ՝ օրենքի տառին համաձայն բավարարելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։ Հատկապես, երբ Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելու ոչ մի մարդավայել բացատրություն այլևս չի մնացել (քիչ թե շատ օրինականները վաղուց էին սպառվել), իսկ մեղսագրվող որևէ արարք իրավական ոչ մի հիմք չունի։
Հավանաբար ճիշտ են այն պնդումները, որ 2018-ի ամռանը նախագահ Քոչարյանին որպես վկա ՀՔԾ կանչելով՝ վստահ էին, որ նա կխուսափի ներկայանալ, ուստիև անփույթ և հապճեպ մեղադրանքներ էին մոգոնել։ Բայց Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չներկայացավ, այլև արդարադատություն է պահանջում արդեն 19 ամիս․․․ Այ, սրան պատրաստ չէին, ինչը վկայում են ամեն նիստին փլվող մեղադրանքները։
Նախորդ դատական նիստում պաշտպանների ներկայացրած փաստարկներն այնքան ծանրակշիռ էին և անհերքելի, որ այսօր դատավորի և դատախազների կողմից դրանք անտեսելու դեպքում՝ նրանց պրոֆեսիոնալիզմի բացակայության (եթե ոչ կողմնակալության) ցուցիչն են դառնալու հետագայում՝ տեղական և միջազգային ատյաններում։ Ամեն դեպքում, որքան էլ նրանք պաշտպանում են մեղադրանքը, անկասկած ներքուստ գիտակցում են, որ իրենց կարերիան ու արժանապատվությունն են զոհասեղանին դնում։ Իրենք էլ են հասկանում, որ մի օր կպազվի, թե ովքեր են եղել դերակատարներին խաղացնող թելերը ձգողները։
Ոչինչ հավերժ չէ, այդ թվում և իշխանությունը, հատկապես երբ այն զավթել ես և իր չարս ես օգտագործում։ Վերջին 19 ամիսները ապացուցեցին, որ հենց սկզբից խաբեություն էր 2018-ի մայիս-հունիսին Փաշինյանի հայտարարությունը, որ «Մարտի 1-ի գործը լիովին բացահայտված է»։ Այս ամիսներին հնչում են միայն հարյուրավոր հարցեր, որոնք ոչ մի սպառիչ պատասխան չեն ստանում։ Վերջին հարցերից է՝ ինչո՞ւ պաշտպաններին չեն տրամադրվում գործի 600 հատորները։
Թերևս պատասխանը Ռոբերտ Քոչարյանի նախորդ նիստում հնչած հետևյալ միտքն է՝ «Ամբողջական նյութերի չտրամադրումը ողջամիտ կասկածներ է առաջացնում։ 600 հատորում կան բավարար նյութեր մարտի 1-ի տասը սպանությունները բացահայտելու համար»։ Գուցե այս մասին մտածե՞ն մեղադրողները, տուժողներն ու գործի «քավորները»։
Մի օր, ուզած-չուզած, վերջակետ է դրվելու այս շինծու գործին․․․ Մի փոքր խելք ու հեռատեսություն ունենալու դեպքում, իշխող ուժը հիմա կդնի այդ վերջակետը՝ գոնե Սահմանդրության փոփոխության այս անհեթեթ հանրաքվեում դիվիդենտներ շահելու համար։ Բայց մեծամտությունն ու ամենակարողության զգացողությունը Փաշինյան Նիկոլին համայն աշխարհի դեմ ելնելու դոն-կիխոտյան այնպիսի եռանդ են ներշնչել, որ նա համառորեն անտեսում է տարբեր կողմերից հնչող նախազգուշացումները։
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենում հանդիպման ժամանակ հարցեր է ուղղել Հայաստանի վարչապետին` Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ, ընդ որում՝ «անթաքույց քննադատական հնչերանգներ են եղել» ։ Սա երրորդ խոշոր պետության ղեկավարն է Պուտինից և Մակրոնից հետո, ով ակնարկում է քաղաքական հետապնդման ոչ ցանկալի երևույթ լինելու մասին։ Նրանց էլ հո չես կարող հակահեղափոխական որակելով լռեցնել, մանավանդ որ անգամ երկրի ներսում այդ մեթոդն առանձնապես արդյունավետ չէ։
Լիա Իվանյան, հրապարակախոս
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի