Ռուբեն Մելիքյան. Հանրաքվեն կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ պետականության համար, եթե չձևավորվի «ոչ»-ի քարոզչության կողմ
«Լեգիտիմությունն ընդհանրապես ոչ թե իրավական, այլ քաղաքական կատեգորիա է։ Մեր նախաձեռնող խումբը բացառապես իրավաբաններից է կազմված, շեշտեմ պետական համակարգից դուրս գործող իրավաբաններ»,-անհրաժեշտ փաստաթղերը ԿԸՀ ներկայացնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան, «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խմբի հիմնադիր անդամ Ռուբեն Մելիքյանը։
Նրան ուղղված դիտարկումը վերաբերում էր այն բանին, որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել հանրաքվեի «ոչ»-ի արշավին՝ հիմնավորելով, թե կլեգիտիմացնի այդ գործընթացը։
Մելիքյանն ընդգծեց, իրենց երկընտրանքը ոչ թե լեգիտիմությունն ու ոչ լեգիտիմությունն են, այլ իրավաչափությունն ու ոչ իրավաչափությունը։
«Մենք շարունակում ենք պնդել, որ այս գործընթացը ոչ իրավաչափ է եղել։ Թե բովանդակային, թե ընթացակարգային առումով այս հանրաքվեի նշանակումը հակասահմանադրական է, և ի տարբերություն քաղաքական պրոցեսների, իրավաբանության մեջ անկախ ներգրավվածությունից, դրա ոչ իրավաչափ լինելը չի դադարում։ Մենք, չլինելով քաղաքական գործիչներ, չենք կարող լեգիտիմացնել, կամ ապալեգիտիմացնել որևէ բան»,-մանրամասնեց նախաձեռնող խմբի հիմնադիր անդամը։
Նա համոզմունք հայտնեց, այս գործընթացը կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ պետականության համար, եթե չձևավորվի «ոչ»-ի քարոզչության կողմ։
Մելիքյանը մեկ անգամ էլ մանրամասնեց, որ «ոչ»-ի քարոզչության կողմի ձևավորումը երկու նպատակ ունի՝
1) ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ հավասարության հիմունքներով հասու լինելու ինչպես «Այո», այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները հիմնավորող փաստարկներին։
2) ՀՀ քաղաքացիներին և միջազգային հանրությանը հնարավորություն տալ ունենալու վստահություն, որ քվեարկության արդյունքները եղել են վերահսկելի և բողոքարկելի։ Մենք վստահ ենք, որ մեր նախաձեռնությունը միտված է ի շահ Հայաստանի Հանրապետության: Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի հանրությունը խուսափի «ԱՅՈ» և «ՈՉ» կողմերի միջև սուր առճակատումներից: Մենք ջանքեր ենք գործադրելու, որ այս ընթացքում բացառվեն հանրությանը գույների բաժանելու և ատելություն քարոզելու արատավոր երևույթները:
Մելիքյանն ասաց, իրենք խոսելու են գործընթացի իրավական կողմի մասին, հետևելու են, որ ուղերձները զերծ լինեն ատելության խոսքից, պիտակավորումից, ակնկալում են նույնը հակառակ կողմից։
Հարակից հրապարակումներ`
- «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խումբը ԿԸՀ ներկայացրեց փաստաթղթերը
- «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած 61 իրավաբաններ վաղը կդիմեն ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան