Խորհրդակցություն ՔԿ-ում՝ բանակում մահվան դեպքերի կապակցությամբ քննվող քրգործերի մասին
Այսօր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ քննվող քրեական գործերով: Այս մասին տեղեկանում են Քննչական կոմիտեից։
Մասնավորապես, խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել՝ մահվան ելքով դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի նախաքննության օբյեկտիվությունը, լրիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու ուղղությամբ, քննության ընթացքում ապահովել դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների ու շահերի լրիվ ծավալով իրականացումը, վերջիններիս, ինչպես նաև ողջ հանրությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ դեպքերի հանգամանքների և քննության ընթացքի վերաբերյալ՝ հնարավորինս հրապարակային դարձնելով գործընթացը` միաժամանակ չխախտելով նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները չհրապարակելու վերաբերյալ օրենսդրական պահանջը:
Միևնույն ժամանակ, խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է մշակել հայեցակարգ՝ միտված նախաքննական մարմնի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը բարձրացնելուն:
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան. Բանակում ինքնասպանություններն ու սպանությունները կանխելու որևէ ռեալ գործողություն չեմ տեսնում
- Արտակ Դավթյան. Կադրային փոփոխություններ կլինեն
- Զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից
- Պարոն Փաշինյան մեկ-մեկ ցավակցե՛ք բանակում զոհվածների ընտանիքներին. Գագիկ Համբարյան