Իշխանությունները պետք է ժամ առաջ հետ կանգնեն անպտուղ հավակնություններից. Գևորգ Պետրոսյան
«Աննպատակ, մեկ անձի համար արվող սահմանադրական փոփոխությունները մեր երկրի համար շռայլություն են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխություններն անելուց առաջ պետք է նախաձեռնող սուբյեկտը հանրությանը հայեցակարգ ներկայացնի, և հանրությունը պետք է հասկանա՝ այդ փոփոխություններն իրենց ուր են տանելու։
Պատգամավորը նշեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու սահամադրական փոփոխությունների հանրաքվեին, ոչ նրա համար, որ նախագիծը բերել է իշխանությունը, այլ այն պատճառով, որ այն իրավական առումով խոցելի է։
«Իշխանությունն անգամ անտեսել է ԵԽԽՎ-ի առաջարկը՝ դիմել ԵԽԽՎ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով։ Այսքանից հետո, ԲՀԿ-ն ի՞նչ հիմք ուներ կողմ քվեարկելու «այո»-ին»,- ասաց Պետրոսյանը։
Նա վստահեցրեց, որ իշխանությունն անթաքույց հայտարարել է՝ ՍԴ խնդիրն իր համար ունի քաղաքական բովանդակություն, այսինքն՝ ինքը այնտեղ ոչ թե իրավական, այլ քաղաքական խնդիր է լուծում. «Վայ, այն պետությանը, որի Սահմանադրական դատարանը ձևավորվում է քաղաքական շարժառիթներից և շահերից ելնելով»։
Պետրոսյանն ասաց, որ Հայաստանում որևէ մեկը ժողովրդի անունից իրավունք չունի հանդես գալու, իսկ իշխանությունն իր առաջարկած նախագիծը ներկայացնում է հենց ժողովրդի անունից։
Նրա համար անհասկանալի է իմքայլական պատգամավորներից մեկի հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխություններ պետք են, քանի որ Հրայր Թովմասյանը չի խաղացել իրենց խաղի կանոններով, ի տարբերություն գլխավոր դատախազի և ԿԸՀ նախագահի.
«Կներեք, կարելի՞ է իմանալ՝ ինչ խաղի մասին է խոսքը, եթե ես չեմ սխալվում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները իրավասու են կատարելու այնպիսի գործառույթներ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ Բոլորի խաղի կանոնները պետք է լինեն ՀՀ օրենքները, եթե մենք դրանք դնում ենք մի կողմ, հիմք ենք ընդունում քաղաքական շահերը, այստեղ չի կարող լինել իրավական պետություն»։
Պետրոսյանն ասաց՝ իշխանությունները պետք է ժամ առաջ հետ կանգնեն անպտուղ հավակնություններից և իրական պայքար մղեն իրական հանցագործների դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը սատանայի փնտրտուքի մեջ է. Մարուքյան
- Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին
- «Ոչ» խումբը ինչ-որ առումով կլեգիտիմացնի սահմանադրական հանրաքվեն. Ալավերդյան
- ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների գործընթացին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի