Արսեն Բաբայան. Մենք ինքներս քարոզչություն չենք անելու
«Մենք չենք մտնում քաղաքական պայքարի մեջ, եթե մեզ կթիրախավորեն, թիրախավորողի խնդիրն է։ Մենք ի նպաստ Հայաստանի գործընթաց ենք սկսել»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան, «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խմբի անդամ Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խումբն այսօր ԿԸՀ է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր։
Նրա խոսքով, «Ոչ»-ի կողմի ձևավորումը նպատակ է տալիս, որպեսզի հանրաքվեն լինի ավելի արդյունավետ, վերահսկելի։
Հարցին՝ ասում են «Ոչ»-ի ճակատ չեն ձևավորում, այլապես լեգիտիմացնում են հանրաքվեն, նա պատասխանեց. «Մենք բազմիցս ենք ասել, որ հանրաքվեն հակասահմանադրական է, հակաօրինական է։ Հանրաքվեն արդեն փաստ է։ Հիմա դա լեգիտիմացնում է, թե ոչ, մեծ հաշվով էական չէ, իրադարձությունն արդեն տեղի է ունեցել։ Այս տրամաբանությամբ էլ մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է հանրաքվեում «Ոչ»-ի կողմը լինի հանրային պաշտպանության տակ»։
Ա. Բաբայանն ասաց, որ համագործակցություն կլինի բոլոր ցանկացողների հետ, որոնք «Այո»-ից տարբերվող կարծիք կունենան, կունենան դա արտահայտելու անհրաժեշտություն։
«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մենք չենք «Ոչ»-ի կողմը, այսպես հնարավորություն ենք տալիս հանրությանը, մնացած գործընկերներին, նաև քաղաքական ուժերին, որ «Այո»-ից տարբերվող կարծիքը հասանելի ու պաշտպանված լինի»,- նշեց նա։
Ա. Բաբայանի խոսքով, եթե չնախաձեռնեին այս գործընթացը, հնարավորություն չէր լինի հետագայում վիճարկելու հանրաքվեի արդյունքները, չէին ունենա տվյալներ. «Սա մի գործընթաց է, որը մենք սկսեցինք, որպեսզի հնարավոր լինի հետագայում մնացած իրավական գործընթացները կազմակերպել, եթե լինի այդպիսի իրավիճակ ու լինի այդ խմբակցությունը, որ կարողանա վիճարկել՝ ունենալով համապատասխան տվյալներ»։
Արսեն Բաբայանն ասաց, որ որպես հանրային պաշտպանության խումբ առանձնապես քարոզչություն չեն էլ իրականացնելու։
«Այնպես չէ, որ իրավաբանները, որոնք միացել են այս նախաձեռնությանը, սկսելու են «Ոչ» քարոզել։ Մենք ինքներս քարոզչություն չենք անելու, մենք հարթակ ենք տալու բոլոր այն ուժերին, անձանց, որոնք տարբերվող կարծիք ունեն «Այո»-ից։
Օրենքով սահմանված բոլոր իրավունքներից օգտվելու ենք, պահպանելու ենք բոլոր պարտականությունները։ Բայց դասական իմաստով քարոզչություն, մեզ քարոզչական կողմ պետք չէ դիտարկել։ Մենք չենք «Այո»-ի հակառակ կողմը, որը պետք է իշխանությունների համար թիրախ դառնա։ Բայց եթե կդառնա, իրենց գործն է»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Հանրաքվեն կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ պետականության համար, եթե չձևավորվի «ոչ»-ի քարոզչության կողմ
- «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խումբը ԿԸՀ ներկայացրեց փաստաթղթերը
- «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած 61 իրավաբաններ վաղը կդիմեն ԿԸՀ
- ԱԺ պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել.ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի