Քաղաքագետ․ Վաղ, թե ուշ էլիտաները կփոխվեն նաև Սահմանադրական դատարանի մակարդակում
«Հեղափոխությունից ես սպասում եմ էլիտաների փոփոխություն։ Մարդիկ հեղափոխություն են անում՝ այլ մարդկանց փոխարեն իշխանության գալու համար։ Սա միշտ այսպես է․ երբ ֆրանսիական հեղափոխություն տեղի ունեցավ Ռոբեսպիերը և այլոք եկան իշխանության, նրանք Լյուդովիկոս 16-րդի և Մարիա Անտուանետայի հետ հայտնի է՝ ինչ արեցին։ Այժմ դա արվում է ավելի նուրբ»,-այսօր այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հարցին։
Քաղաքագետը նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը տեղի ունեցավ սկզբում գործադիր իշխանությունում, ապա օրենսդիր իշխանությունում, այժմ հերթը հասել է դատական իշխանությանը։
«Սա է հեղափոխության տրամաբանությունը»,- ասաց Իսկանդարյանը, հավելելով, թե չի կարող ասել ինչպես կանցնի հանրաքվեն։
Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ դժվար է պատկերացնել՝ առաջիկա 4 տարում հնարավոր կլիներ, որ տարբեր էլիտաներն աշխատեին միասին, հատկապես տեղի ունեցած իրադարձություններից հետո։
«Կարծում եմ, վաղ, թե ուշ կգտնվի ինչ-որ որոշում և էլիտաները կփոխվեն նաև Սահմանադրական դատարանի մակարդակում»,- ասաց Իսկանդարյանը։
Իսկանդարյանը նշեց, որ գունավոր հեղափոխությունները տեղի չեն ունենում 2 դեպքում՝ շատ խիստ ռեժիմներում, որտեղ ընդդիմությանը թույլ չի տրվում գալ իշխանության, օրինակ Թուրքմենստան, Ադրբեջան, Կորեա, Աֆրիկա։ Այս դեպքում տեղի են ունենում իրական արյունահեղ հեղափոխություններ։ Եվ հաջորդը՝ ժողովրդավարական երկրներում, որտեղ իշխանության փոփոխությունը տեղի է ունենում ընտրություններով։
Արցախում կայանալիք ընտրություններում ևս Իսկանդարյանը նշեց, որ պետք է սպասել էլիտաների փոփոխություն։
«Այն, ինչ գոնե մինչ այժմ տեղի է ունենում Արցախում, պետք է գնահատեմ բավական դրական՝ Արցախի քաղաքական համակարգի զարգացման առումով։ Սովորաբար այնպես էր, որ Արցախի ու Հայաստանի էլիտաները համատեղելի էին ու կարողանում էին աշխատել միասին։ Սա խախտվել է, և այս իրավիճակը պետք է ուղղվի ընտրություններում։ Կլինի այն առաջնորդը, որը հնարավորություն կունենա աշխատել պարոն Փաշինյանի հետ»,- ասաց Իսկանդարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի