Քննարկում՝ «Հին Երևանի»,Կոնդի ու 33-րդ թաղամասի ծրագրերի խնդիրների մասին
Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկանում ենք Տիգրան Ավինյանի գրասենյակից տարածած հաղորդագրությունից:
Տիգրան Ավինյանը նշել է, որ հանձնաժողովում քննարկվելու են քաղաքաշինական խոշոր նախագծերը, խնդրահարույց նախագծերը, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրները ու դրանց հետ կապված առաջարկվող լուծումները:
Անդրադարձ է կատարվել չորս հիմնական թեմայի, որոնք էին «Հին Երևան» քաղաքաշինական կառուցապատման ծրագիրը, Երևանի 33-րդ թաղամասի ծրագիրը, Երևանի Կոնդ թաղամասի քաղաքաշինական «վերակենդանացման» ծրագիրը, շինարարական թույլտվությունների վիճարկման պատճառով կասեցված շինարարությունների հարցը:
«Հին Երևանի», Կոնդի ու 33-րդ թաղամասի ծրագրերի առաջընթացի ու առկա խնդիրների մասին ծավալվել է ակտիվ քննարկում: Որոշվել է «Հին Երևանի» ու 33-րդ թաղամասերի ծրագրերի աշխատանքները համակարգելու, դրանք արագացնելու ու առավել արդյունավետ կազմակերպելու համար նշանակել պատասխանատուներ: Իսկ Կոնդի թաղամասի ծրագրի համար կստեղծվի աշխատանքային խումբ, որը կստանա ու կուսումնասիրի թաղամասի զարգացման համար ներկայացված հեռանկարային հայեցակարգեր:
Առանձին անդրադարձ է կատարվել Երևանում շինթույլտվությունների վիճարկման պատճառով շինարարությունների կասեցմանը: Երևանի քաղաքապետը ներկայացրել է առկա իրավիճակը ու շինարարությունների կասեցման վիճակագրությունը: Որոշվել է հանձնաժողովում մանրամասնորեն ուսումնասիրել հարցը ու գտնել լուծումներ, որոնք նվազագույնի կհասցնեն անհարկի ու անհիմն վիճարկումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին