Բագրատ Ասատրյան. 11 ամիսների ընթացքում պետական բյուջեն պրոֆիցիտով է եղել, ինչը զավեշտ է
2019 թվականի բյուջեի եկամուտների ծրագրավորվածից ավելի բարձր աճ ունենալու պարագայում ծախսերի ծրագիրը բավարար մակարդակով չի կատարվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։
Նրա խոսքով՝ ծախսերի մեծ մասը կատարվել է վերջին ամսում։ «11 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն պրոֆիցիտով (խմբ. դեֆիցիտի հակառակ երևույթը՝ եկամուտների գերազանցումը ծախսերի նկատմամբ) է եղել։ Սա զավեշտ է, հեգնանք՝ տնտեսական իրողությունների նկատմամբ»,- նշեց նա։
Անդրադառնալով արտաքին առևտրին՝ Բագրատ Ասատրյանը նկատեց, որ նախորդ տարի արտահանման աճի տեմպը ցածր է եղել ներմուծման ծավալներից, ինչն անհանգստացնող է: «Աշխարհագրության տեսակետից նվազում են ԵՄ-ի հետ առևտրի ցուցանիշները՝ ի հաշիվ ԵԱՏՄ-ի: Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ն հավելյալ հնարավորություն է արտաքին առևտրի համար, բայց սա մեզ պետք է անհանգստացնի»,- ասաց նա։
Տնտեսագետի խոսքով՝ անհանգստացնող է նաև Հայաստանը Ռուսաստանին կապող Լարսի ճանապարհը։ Բագրատ Ասատրյանը նշեց, որ անցած շաբաթ եղել է Վրաստանում, տեսել է այն ճանապարհը, որով Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ. «Դա դժոխքի ճանապարհ է: Դա այն ճանապարհը չէ, որը կարող է ապահովել տնտեսական քիչ թե շատ խելամիտ զարգացում: Ես տեսել եմ հայկական հարյուրավոր կանգնած ավտոմեքենաները»: