Սիրանույշ Սահակյան. Ակնկալում ենք, որ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ը կարձանագրի Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործը՝ ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի, հասել է եզրափակիչ փուլ, գրավոր ընթացակարգերն ավարտվել են, այս պահին վճռի կայացման փուլն է։ Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանը։
«Քննարկումները բավականին թեժ են եղել։ Մեծ ծավալի հակափաստարկներ փորձեցին ներկայացնել Ադրբեջանի կողմից, թե Ռամիլ Սաֆարովի ներումը հումանիտար նպատակներ է հետապնդել։ Բայց մենք շատ փաստարկված ենք ցույց տվել գործողությունների հաջորդականությունը, պետության դերակատարումը, հովանավորչությունը, պետական ռեսուրսների օգտագործմամբ արտահանձնման գործընթացն ավարտին բերելը, ցուցադրական ներումները, արդարացվածին հավասարեցված կարգավիճակ տալը և հակահայկական տրամադրություններ սերմանելը Ադրբեջանի մեջ»,-ընթացքից մանրամասներ հրապարակեց փաստաբանը։
Սահակյանը կարծում է, որ ՄԻԵԴ-ը վճիռը կհրապարակի հաջորդ ամիս՝ մարտին։ Ակնկալում են, որ ՄԻԵԴ-ն անպայման արձանագրելու է Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքի խախտում՝ պայմանավորված Սաֆարովի անպատժելիությամբ։
«Արտահանձնումը և ներումն օգտագործել են որպես միջոցներ մարդասպանի անպատժելիությունը երաշխավորելու տեսանկյունից։ Շատ կարևորագույն հարցադրում է դրված՝ խտրականությունը ազգային հենքով։ Թե հանցագործության կատարումը, թե ներում շնորհելը մենք պայմանավորում եք Գուրգեն Մարգարյանի՝ ազգությամբ հայ լինելով։ Ուստի ակնկալում ենք, որ Եվրոպական դատարանը կյանքի իրավունքի խախտումն արձանագրելուց զատ կարձանագրի նաև խտրականություն Գուրգեն Մարգարյանի նկատմամբ՝ պայմանավորված ազգությամբ հայ լինելով։ Այս առումով սա լինելու է առաջին ու սկզբունային գործը, երբ միջազգային ատյանի վճռով հակահայկական ատելությունն ու հայերի նկատմամբ խտրականությունը Ադրբեջան պետության կողմից կհաստատվի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող իրավական փաստաթղթի տեսքով»,-հրապարակվելիք վճռի մասին փաստաբանական խմբի ակնկալիքները ներկայացրեց Սահակյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի դեմ գործերով մինչ այժմ ՄԻԵԴ կայացրած վճիռները, ցավոք, արձանագրել են միայն Կոնվենցիայի 2-րդ կամ 3-րդ հոդվածի խախտում՝ կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք, բայց խտրականության արգելքին վերաբերող 14-րդ հոդվածի մասին չի նշվել։
«Վստահ ենք, որ մեր փաստաբանական թիմն այս առումով հաջողություն է գրանցելու։ Կարծում եմ, մենք դուռ կբացենք, որ մյուս փաստաբաններն էլ այլ գործերով, վկայակոչելով Գուրգեն Մարգարյանի գործը, ավելի հեշտտությամբ կկարողանան հիմնավորել հակահայկական ատելությունը հայ-ադրբեջանական գործերով»,-նշեց նա։
ՄԻԵԴ ներկայացրած հայցն ընդդեմ Հունգարիայի ու Ադրբեջանի է։ Հունգարական կողմը դատարանում հայտարարել է՝ իրավունք չուներ չվստահելու ԵԽ անդամ մեկ այլ պետության իր միջազգային հանձնառություններին գործելու տեսանկյունից։ Նրանք նշել են,որ ցավում են իրավիճակի համար, բայց լինելով կոնվենցիոնալ կողմ, պարտավոր են համագործակցել Ադրբեջանի հետ, և չեն մտածել, որևէ երկիր քրեական ոլորտում արդարադատության բարձրացման համար ստեղծված միջազգային պայմանագիրը կօգտագործի քաղաքական նպատակներով։
Ադրբեջանական կողմն առավելապես փորձել է ցույց տալ, որ լինելով ԼՂ պատերազմի զոհերի ընտանիքի անդամ, կորուստների ցավը կրելով, մեծ տրավմա կրելով է Սաֆարովը կատարել սպանությունը, իսկ ներումը, արդարացումն ու խրախուսումները, ըստ ադրբեջանական կողմի, զոհին օգնելու համար են արվել։
«Մեր ներկայացրած հակափաստարկներն ամբողջությամբ հերքում են ադրբեջանական կողմի հիմնավորումները, բացահայտում են միտումները։ Շատ լուրջ իրավական վերլուծություններ կան առհասարակ ներման ինստիտուտի անթույլատրելիության մասով, երբ պետությունը հովանավորում է իր գործակալներին։ Ցույց ենք տվել պետության վերագրելիությունը, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների մակարդակում, թե ինչպես է խրախուսանքը պայմանավորված եղել հայի սպանությամբ։ Դա ցույց են տալիս, որ ոչ թե մարդասիրական նկատառումներ կան, այլ բացառապես հայի սպանելու հանգամանքը։ Իրենց հասարակության մեջ հային սպանելը չի դիտարկվում որպես սպանություն, այլ խրախուսվում է, որ յուրաքանչյուր ադրբեջանցի իրավունք ու պարտականություն ունի սպանել հայի, և պետությունն այս պարագայում կանգնելու է իր կողքին»,-իրենց հիմնավորումները ներկայացրեց փաստաբանը։
Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչները փորձել են դատարանին ցույց տալ իրավիճակի վտանգավոր միտումները, արվել են նեղ իրավական հարցադրումներ։
«Ես կարծում եմ, որ մարտին մենք կունենանք հրապարակված վճիռ։ Ադրբեջանի մասով հաղթանակ կարձանագրվի»,-համոզմունք հայտնեց փաստաբանը։
Թիմը կանխատեսել է, որ Ադրբեջանը փորձելու է դիմել Մեծ Պալատ՝ բողոքարկելու վճիռը, քանի որ 14-րդ հոդվածի խախտման արձանագրումը մեծ պարտություն է լինելու այդ երկրի համար։ Փաստաբանները հետևողական են լինելու վճռի կատարմանը։
«Այստեղ առաջ է գալու Սաֆարովի պատժի կրման հարցը, հասկանալի է, որ Ադրբեջանը չի ցանկանա այս վճիռը կատարել՝ հասկանալով որ այդ հետքայլը ինչ պարտություն է ընկալվելու իր՝ այդքան ոգևորված հասարակության անդամների մոտ ինչ հիասթափություն է առաջացնելու։ Մենք պետք է բանեցնենք մեր բոլոր ռեսուրսները, որպեսզի նախարարների կոմիտեն մեծ քաղաքական ճնշում բանեցնի Ադրբեջանի նկատմամաբ։ Եթե Ադրբեջանը պատրաստակամորեն չկատարի վճիռը, ապա պատժամիջոցների մասին խոսք կարող է լինել, այդ առումով մենք հետևողականորեն աշխատելու ենք նախարարների կոմիտեի հետ»,-անելիքների ու հետագա քայլերի մասին նշեց Սիրանույշ Սահակյանը։
Հիշեցնեք, որ 2004-ի փետրվարի 19-ին առավոտյան ժամը 5:30-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանաբար կացնահարել էր 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին, որը քնած էր եղել։ Նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի նկատմամբ, որը կանխվել էր: Նրանք երկուսն էլ մեկնել էին Հունգարիա սովորելու՝ մասնավորապես մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին:
Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: 2012 թվականի օգոստոսին Սաֆարովը տեղափոխվել է Ադրբեջան՝ իբր հետագա պատիժը հայրենիքում կրելու համար: Սակայն արդարացվել է: