Նախօրեին դատարանի որոշմամբ ազատ արձակված թուրք իրավապաշտպան Օսման Քավալան կրկին ձերբակալվել է
2020թ․ փետրվարի 18-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ ազատ արձակված թուրք հասարակական գործիչ, ակտիվիստ, հայամետ հայացքներով հայտնի Օսման Քավալան կրկին ձերբակալվել է։
«Անադոլու Քյուլթուր» հիմնադրամի ղեկավարը կալանավորվել էր 2013-ին Թուրքիայում տեղի ունեցած հայտնի Գեզի զբոսայգու դեպքերի գործով և մեղադրվում էր «Թուրքիայի Հանրապետության կառավարությանը տապալելու փորձի մեջ»: Գեզիի գործով բոլոր մյուս 16 մեղադրյալները ևս նախօրին կայացված վճռով արդարացվել էին։
Սակայն Քավալայի ազատ արձակման որոշումից ընդամենը ժամեր անց Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը կրկին ձերբակալման որոշում է կայացրել։ Այս անգամ հայտնի գործիչ ձերբակալվել է 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի վերաբերյալ ընթացքող հետաքննության շրջանակներում՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի, այն է՝ «Սահմանադրական կարգը խաթարելու փորձի» մեղադրանքով։ Արդարացման որոշումից հետո Սիլիվրիի բանտից ազատ արձակված Քավալան ոստիկանների կողմից կրկին բերման է ենթարկվել։ Այս մասին գրում է regionmonitor-ը։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ում իր դժգոհությունն է արտահայտել Օսման Քավալայի ձերբակալման առթիվ՝ այդ որոշումը անամոթություն որակելով։
Քավալայի ձերբակալման դեմ իր բողոքն է արտահայտել նաև Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը։ «Չեմ կարողանում հավատալ, որ Քավալան արդարացման որոշումից հետո կրկին ձերբակալվել է։ Եթե դատախազը կասեցնում է առաջընթացի քայլը, ապա անհնար է հավատալ, որ Թուրքիան կզարգանա։ Խավար ժամանակները հետ են գալիս», — գրել է Սանչեսը Twitter-ում։
Նշենք, որ Օսման Քավալան Թուրքիայի հայտնի իրավապաշտպաններից մեկն է։ Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է և շատ անգամներ է եղել Հայաստանում։ Ստամբուլում Քավալային պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան