
Ռուսաստանն արգելեց Չինաստանի քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի պատճառով
Ռուսաստանը որոշում է կայացրել արգելել Չինաստանի քաղաքացիներին մուտք գործել իր տարածք՝ COVID-19 կորոնավիրուսի բռնկման պատճառով: Արգելքը կգործի փետրվարի 20-ից:
Ինչպես գրում է euronews-ը, այս մասին նախօրեին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի գրասենյակը՝ Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ հանդիպումից հետո:
«Փետրվարի 20-ի, 2020թ-ի, տեղական ժամանակով ժամը 00:00-ից արգելքը կազդի Չինաստանի այն քաղաքացիների վրա, որոնք ճանապարհորդում են մասնավոր, կրթական, աշխատանքային և զբոսաշրջային նպատակներով»,-ասվում է հայտարարության մեջ:
Մինչ այժմ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի երկու հաստատված դեպք՝ երկուսն էլ Չինաստանի քաղաքացիներ, որոնք հոսպիտալացվել են Սիբիրում:
Ռուսաստանն ավելի վաղ դադարեցրել էր առանց վիզայի մուտքը չինացի տուրիստների համար։