Գեորգի Ավետիսյան. Պետք է հասնենք այն բանին, որ գյուղացին չառաջնորդվի նախնիների «100 տարվա փորձով»
ՄԱԿ-ի կողմից 2020-ը հայտարարվել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի, որի շրջանակներում Հայաստանում մեկնարկել է բուսասանիտարիային նվիրված առաջին միջոցառումը: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարը միտված է նպաստելու բույսերի վնասատուների ազգային վերահսկողության և բուսասանիտարական հավաստագրման համակարգերի հզորացմանը:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, նրա խորհրդական Էլվիրա Միրզոյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) Հայաստանյան գրասենյակից:
Գեորգի Ավետիսյանը խոսել է երկրում բույսերի պաշտպանության անհանգստացնող վիճակի, գյուղատնտեսի մասնագիտության կարևորման, նաև բնապահպանության տիրույթում խնդիրը դիտարկելու անհրաժեշտության մասին:
«Մենք չպետք է խնայենք ջանքերը վնասատուների ազդեցությունը բույսերի՝ հետևաբար նաև մեր տնտեսության վրա նվազագույնի հասցնելու համար, հատկապես հաշվի առնելով, որ երկրի տնտեսության գրեթե 80 տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը: Մենք պետք է մեզ վրա վերցնենք առաքելություն հասնելու նրան, որ գյուղացին հարգի ժամանակակից մոտեցումներն ու պրոֆեսիոնալի կարծիքը, ոչ թե առաջնորդվի նախնիների «100 տարվա փորձով»: Այս ոլորտում զարգացող աշխարհի հետ համահունչ քայլելու անհրաժեշտությունն օրախնդիր է»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:
Բույսերի առողջության պահպանման միջազգային տարվանն ընդառաջ՝ 2019 թվականին Հայաստանում առաջին անգամ դասակարգվել են սանիտարական և բուսասանիտարական միջոցները:
Ըստ աղբյուրի, այս կապակցությամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին երախտագիտության ու գնահատանքի նամակ է ուղարկվել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի անունից՝ առևտրի, ներդրումների և աշխատանքի ու համակցված համակարգերի նորարարական ծրագրերի ոլորտներում հետագա համագործակցության ակնկալիքով: