Թուրքիա. «Իդլիբի բանակցություններում մեզ բավարարող արդյունք չի գրանցվել»
Իդլիբի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև տեղի ունեցած բանակցությունների՝ Մոսկվայում տեղի ունեցած 2-րդ փուլը ևս չի կարողանում որևէ արդյունք արձանագրել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Լրագրողների հետ հանդիպմանը Քալընը նշել է, որ բանակցություններում իրենց համար ընդունելի արդյունք չի արձանագրել:
«Մինչ այս պահը բանակցություններում մեզ բավարարող արդյունք չի գրանցվել: Մեզ ներկայացված քարտեզն ու պայմանները չենք ընդունել»,- տեղեկացրել է թուրք պաշտոնյան:
Քալընը նաև նշել է, որ Իդլիբի հարցում իրենց համար գլխավոր սկզբունքը Սոչիի համաձայնագրին վերադառնալն է:
«Իդլիբում մեր ռազմական դիտակետերի տեղափոխությունը չի քննարկվում: Իդլիբը պահպանելու ու այնտեղի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու նպատակով շարունակելու ենք զենք ու զորք ուղարկել այնտեղ: Ոչ ոք թող չկասկածի, որ Իդլիբում մեր զինվորների վրա հարձակման դեպքում ամենախիստ պատասխանն է ստանալու»,- ասել է Քալընը:
Հիշեցնենք, որ Իդլիբի հարցում համաձայնության հարցում բանակցություններ վարելու նպատակով նախ Թուրքիա էր մեկնել ռուսական պատվիրակությունը, որը բանկցությունների անարդյունավետ ավարտից հետո վերադարձել էր Մոսկվա: Բանակցությունների 2-րդ փուլով էլ Մոսկվա մեկնած թուրքական պատվիրակությունը ռուս գործընկերների հետ հանդիպումներ է սկսել փետրվարի 17-ին, որոնք նույնպես առայժմ որևէ ցանկալի արդյունք չեն տալիս: