Սիրիան պատրաստվում է ազատագրել ապստամբների վերջին հենակետը
Կատաղի մարտերից հետո Սիրիայի կառավարական ուժերը շաբաթ օրն իրենց վերահսկողությունը հաստատեցին մայրաքաղաք Դամասկոսը Հալեպին կապող մայրուղու վրա: Նախագահ Բաշար ալ Ասադը հաղթանակի մասին հայտարարեց նախօրեին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Նա ասաց նաև, թե դեռևս չի ավարտվել Իդլիբում թուրքական ուժերի ու հակակառավարական ապստամբ ուժերի դեմ մղվող ճակատամարտը:
Թուրք դիվանագետներն այժմ բանակցություններ են անցկացնում ռուսների հետ, փորձելու համար կասեցնել Մոսկվայի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի կողմից նոր գրոհները:
Ինչպես Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն է հայտարարում, ինքը Ռուսաստանի իր պաշտոնակից Լավրովին ասել է, թե «Իդլիբում ագրեսիան պիտի դադարեցվի և պիտի հաստատվի հրադադար»:
Սակայն քիչ հավանական է թվում, որ Ասադը կդադարեցնի ռազմական հարձակումները, քանի դեռ նա վայելում է Ռուսաստանի օդային ուժերի և Իրանի աջակցությունը:
«Իդլիբն ու Հալեպի արվարձաններն ազատագրելու գործողությունները շարունակվելու են, անկախ այլոց կողմից հնչող դատարկ խոսակցություններին: Մենք լիովին ազատագրելու ենք Սիրիայի հողը, ոչնչացնելու ենք ահաբեկչությունը ու հաստատելու ենք կայունություն»,- հայտարարել է Ասադը:
Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը զորքեր է կուտակում Սիրիայի հետ սահմանին ու սպառնում, որ կսկսի ռազմական գործողություններ, եթե սիրիական զորքերը հետ չքաշվեն:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն դատապարտում է Թուրքիային, ու հայտարարում, որ Անկարան ոտնահարել է Սոչիի 2019 թվականի պայմանագիրը և Սիրիայի հյուսիսից հետ մղել քրդական զինված խմբերին: Նոր բախումների մեջ Թուրքիան մեղադրում է Դամասկոսին:
Ինչևէ, այժմ ամենակարևորը Իդլիբն է, Սիրիայում ապստամբ ուժերի վերահսկողության տակ մնացած վերջին հենակետը, որը ջախջախելու նպատակ է հետապնդում Բաշար ալ Ասադը: