Ադրբեջանագետ. Գուրգեն Մարգարյանի սպանության մասին Փաշինյանի գրառումն անհասցե ու անընկալելի մեսիջ էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մասին փորձագետներին չի բավարարել։ Նրա միկրոբլոգի հետևորդներն այդպես էլ չիմացան, թե ով էր սպանել հայ սպային, ինչո՞ւ ադրբեջանցի Սաֆարովը կարողացավ քնած մարդուն կացնահարելու քայլին գնալ։ Միջազգային հանրությանն այդ գրառման միջոցով որևէ ուղերձ չհասավ Ադրբեջանի՝ տարիներ շարունակ վարվող հայատյաց քաղաքականության մասին։
«Անհասցե, առանց մեղավորներին հիշատակելու և մատնանշելու մեսիջը ընկալելի չի միջազգային հանրության համար։ Պետք է հստակ խոսել, չխուսափել տալ պատասխանատուների անուններ»,-Panorama.am-ի հետ զրույցում, գրառման ուղերձի վերաբերյալ հարցին ի պատասխան, ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նա ընդգծեց, այո, Եվրոպայում քնած հայ սպային սպանողը Ռամիլ Սաֆարովն է, բայց մարդասպանի ազատ արձակման ու հերոսացման պատասխանատուն Ադրբեջանի ներկա վարչակարգն է։
«Դա շատ հստակ է, հայատյացությունը զուտ կենցաղային երևույթ չէ, դա մտածված պետական քաղաքականություն է այդ երկրում և միջազգային լսարանին դա պետք է հասցնել»,-շեշտեց փորձագետը։
Էլիբեգովան նկատեց, երբ Ադրբեջանի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարը ասում է, որ պատրաստ է իր համաքաղաքացիների հետ վերադառնալ Արցախ ու ապրել հայերի հետ կողք կողքի, միջազգային հանրությանը պետք է բացատրել, թե ինչու է դա վտանգավոր մեզ համար։
«Պետք է պրակտիկ օրինակներով ցույց տալ համատեղ բնակվելու հետևանքները՝ հայերի ջարդերն ու սպանությունները»,- ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանը գրառման մեջ խուսափել նշել մարդասպան Սաֆարովի ու նրա գործողությունները խրախուսած Ադրբեջանի անունները, փորձագետը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչու չի նշել, բայց նման մոտեցում նկատել եմ նաև Աննա Հակոբյանի մոտ, երբ հակամարտությունից խոսելիս հաճախ խուսափում է մատնանշել Ադրբեջանը»։
Արդյո՞ք վարչապետի ու նրա կնոջ խոսքի «զսպվածության» արդյունքում մեղմացել են թշնամի երկրից հնչող հռետորաբանությունը։
«Ոչ, իհարկե։ Հայկական կողմի զսպվածությունը որևէ կերպ չի ազդելու ադրբեջանական քարոզչության հայատյաց դրսևորումների նվազեցման վրա, կարող է պաշտոնական մակարդակում կարճաժամկետ էֆեկտ լինել, բայց գլոբալ փոփոխության դա չի հանգեցնի։ Բավական է հարմար առիթ և կրկին ամբողջ ուժով Ադրբեջանում կլծվեն այդ գործին։ Այս առումով պետք չէ պատրանքներ ունենալ, որ ջենթլմենական խաղի կանոնները պահպանելու են»,- ասաց Անժելա Էլիբեգովան։
Հարակից հրապարակումներ`
- «Գուրգեն Մարգարյանի սպանությունը և դատապարտված մարդասպանի հետագա ներումն ու փառաբանումն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է»
- Սիրանույշ Սահակյան. Ակնկալում ենք, որ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ը կարձանագրի Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում
- Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը պետական պատվեր է եղել. փաստաբան
- Իլհամ Ալիևը հանցակից է Գուրգեն Մարգարյանի սպանությանը. Նազելի Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան