Մրցումների ընթացքում Արթուր Ալեքսանյանը ատամների և ծնոտի շրջանում վնասվածք է ստացել
«Եվրոպայի առաջնության ընթացքում ունեցանք 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուրադ Սահակյանը։
Ըստ Սահակյանի, հաղթական մեդալներից բացի առաջնության ընթացքում հայ մարզիկներն ունեցել են նաև բացթողումներ. գոտեմարտերը մի կողմից գոհացնող էին, մյուս կողմից՝ ոչ։
«55 կգ քաշային կարգում կային տղաներ, որ մեդալ չնվաճեցին, իսկ երրորդ տեղում հայտնված տղաները կարող էին լինել նաև եզրափակչում»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչն, ապա հավելեց՝ այնուամենայնիվ պայքարը թեժ էր, և հայ մարզիկների գրանցած արդյունքը բավարար է։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը նշեց, որ ընդհանուր արդյունքները գոհացնող են, բայց տարբեր քաշային խմբերում պայքարած մարզիկների գրանցած արդյունքներից որոշները՝ ոչ։
«55 կգ քաշային կարգում մեր մարզիկը կարող էր լավ արդյունք գրանցել։ Ռուդիկ Մկրտչյանն իր ունեցած հնարավորություններից շատ քիչը ցուցադրեց։ Իսկ օրինակ 60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը շատ լավ էր զգում իրեն, նա ապացուցեց, որ իր կարգում բարձր է բոլորից, պայքարը շատ դժվար էր, բայց ինքն արդարացրեց մեր հույսերը»,- նշեց Ալեքսանյանը։
Մարզչի խոսքով, 63 կգ քաշային կարգում գոտեմարտող մարզիկից՝ Սահակ Հովհաննիսյանից, հավաքականն ավելին էր սպասում, բայց մասնակցությունը ցածր արդյունք է գրանցել, թեև հնարավորություն եղել է ավելին անելու։ Ըստ Ալեքսանյանի, մարզիկին խանգարել է փորձի պակասը, կամ երևի զգացողությունը. նա երիտասարդ է, և առաջին անգամ է մասնակցել նման պատասխանատու մրցաշարի։
«67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը փորձ ուներ, մինչ այս առաջնությունը երկու անգամ Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր է եղել, բայց ինքն էլ մրցավարական սխալի պատճառով եզրափակչում չգոտեմարտեց։ Այդ սխալի համար մրցաշարի երեք մրցավարներ հաջորդ օրը հեռացվեցին, բայց մենք զրկվեցինք եզրափակչում գոտեմարտելուց»,- ասաց Ալեքսանյանը։
72 կգ քաշային կարգում գոտեմարտած Մալխաս Ամոյանը ևս, ըստ մարզչի, ահագին լուրջ փորձ ունի, երիտասարդ մարզիկների մեջ մեծահասակների մրցաշարում մեդալակիր է, սակայն նա ևս մարզիչների ուզած ձևով չի գոտեմարտել։
«77 կգ քաշային կարգում ծանր գոտեմարտերով մինչև քառորդ եզրափակիչ հասավ Կարապետ Չալյանը։ Նա շատ լավ գոտեմարտեր է արել, սերբ մարզիկի հետ գոտեմարտելուց մրցավարներին հնարավորություն չտվեց, որ իրեն խանգարեն։ Շատ ծանր 3 գոտեմարտերով անցավ, իսկ չորրորդ գոտեմարտի ընթացքում չվերականգնվեց և իր հնարավորություններից թույլ հանդես եկավ։ Մենք կարծում էինք, որ անպայման եզրափակչում է լինելու Չալյանը, բայց էսպես ստացվեց, երրորդ տեղ բերեց, էլի դժգոհ չենք»,- նշեց մարզիչը։
82 կգ քաշային կարգում գոտեմարտող Ռուբեն Ղարիբյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության ընթացքում վնասվածքներ ստանալուց, բուժումներ ու վիրահատություններ անցնելուց հետո առաջին անգամ էր մասնակցում առաջնությանը, ու թեև մարզիկը մեդալով չի վերադարձել, նրա գրանցած արդյունքներից Ալեքսանյանը գոհ է. «Փորձի պակաս կար, երկար տարիներ միջազգային մրցաշարերի չմասնակցելը հենց այդ հետևանքն է ունենում։ Իրեն մենք պետք է տարբեր մրցումներով անցկացնենք, որ կարողանա փորձը անցնել»։
87 կգ քաշային կարգում գոտեմարտող Մաքսիմ Մանուկյանը հենց մրցումների առաջին օրվանից հիվանդ է եղել, և իր հետ խորհրդակցելուց հետո մարզիչները որոշել են մարզիկին թույլ տալ գոտեմարտել. «Բայց փաստորեն ստացվեց, որ չկարողացավ, դե հիվանդ դուրս եկավ դաշտ և մենք հույս չունեինք արդյունքի։ Երևաց, որ օրգանիզմը թույլ է և մարզիկը չկարողացավ իր հնարավորությունների սահմանում գոտեմարտել»։
97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը, մարզչի խոսքով, վնասվածքից հետո ապաքինվել է, բայց էլի տեղ ունի ավելի լավ գոտեմարտելու. «Փորձելու ենք մինչև օլիմպիական խաղեր Արթուրին ավելի լավ մարզավիճակի հասցնել։ Ինքը ոչ մի շանս չի տվել հակառակորդին, թեև այսօր իր հակառակորդներն արդեն համակերպված են գալիս, որ պարտվելու են, և հենց սկզբից սկսում են խփել, և մարտի կանոններից դուրս հնարքներ անել։ Ես զարմացա, որ մուսուլմանական երկրների մարզիկներից բացի այլ երկրների ներկայացուցիչները ևս նման կերպ են վարվում։ Օրինակ Ֆինլանդիայի մարզիկը, ում հետ Արթուրն ընկերություն է անում, փորձեց հարվածներով հունից հանել նրան։ Մեր վտանգն էն էր, որ Արթուրը հունից դուրս չգար և հարվածով չպատասխաներ, որովհետև միանգամից կհեռացնեին նրան»։
Մարզիչը նշեց, որ մրցումների ընթացքում Արթուր Ալեքսանյանը ատամների և ծնոտի շրջանում վնասվածք է ստացել և այժմ բուժվում է։
Նշվեց նաև, որ ծանր քաշային կարգում գոտեմարտող Դավիթ Հովասափյանը հակառակորդներին 15 կգ-ով զիջում է, և դեռևս չի կարողանում հաղթահարել իրենից բարձր քաշի տղաներին։ Մարզիչը հույս հայտնեց, որ Հովասափյանը դեռ կկարողանա այդ քաշային կարգում գոտեմարտել. «Նա իր հակառակորդներին ոչնչով չէր զիջում, բայց քաշի խնդիր ունի, պետք է փորձենք իր քաշը բարձրացնել»։
Հայաստանի հավաքականի մարզիչ Աամվել Գևորգյանն էլ ասաց, որ Հայաստանը նման արդյունք գրանցել էր 12 տարի առաջ.
«Մեզ համար այսպիսի արդյունքն իրականում պարտավորեցնող է։ Մենք փոքր երկիր ենք, և մեր մարզիկները ոչ միայն հակառակորդին են կարողանում հաղթել, այլ նաև կարողանում են ոչ արդար մրցավարներին չպատասխանել և հաջողություն գրանցել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան