«Ժողովուրդ». Ինչ լուրջ խնդրի առաջ է կանգնել Բարձրագույն դատական խորհուրդը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Բանն այն է, որ այսօր ԲԴԽ-ում քննարկվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը, և նախնական քննարկման ժամանակ ԲԴԽ շատ անդամներ եկել են այն եզրակացության, որ այլ ելք չունեն և պետք է կայացնեն դրական՝ բավարարող որոշում: Ինչո՞ւ. ինչպես հայտնի է, 2019 թվականի փետրվարի 14-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը, և նրա լիազորությունները դադարեցվեցին:
Սակայն Մելքումյանը, չհաշտվելով այդ որոշման հետ, իր ոտնահարված իրավունքների վերականգնման հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, և արդյունքում հակասահմանադրական էր ճանաչվել ԲԴԽ որոշումը:
Ու չնայած դատավորն այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնուամենայնիվ, փաստաբանի միջոցով դիմել է ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի վերականգնեն լիազորությունները: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ-ում նաև նեղսրտած են, քանի որ պետական բյուջեից պետք է 10 միլիոն դրամից ավելի գումար փոխհատուցեն դատավոր Արայիկ Մելքումյանին հարկադիր պարապուրդի համար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում