Մարզպետարան. Հրազդան ԲԿ-ի տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով
Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից նախորդ տարվա սեպտեմբերին մշակվել է գործողությունների ծրագիր՝ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների վերացման և ընկերության գործունեության առողջացման ուղղությամբ:
Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հրազդան ԲԿ-ի նախկին տնօրեն Լիլիա Կարապետյանը և գլխավոր հաշվապահը 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԲԿ-ի դրամարկղից յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել են շուրջ 14. 810.000 հազար ՀՀ դրամ:
2019 թվականի դեկտեմբերի 12-ին Լ. Կարապետյանը Կոտայքի մարզպետի որոշմամբ ազատվել է աշխատանքից:
Փաստի առթիվ կատարած չարաշահումների վերաբերյալ մարզպետի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդում է ներկայացվել ՀՀ ազգային անվտագության ծառայության Կոտայքի մարզային վարչությանը:
Փաստի առթիվ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այսօր «Հրազդան» ԲԿ-ի ղեկավար կազմի հետ Կոտայքի մարզպետի ունեցած աշխատանքային խորհրդակցության շրջանակում քննարկվել են ԲԿ-ի գործունեության առողջացմանն ուղղված ծրագրի մանրամասները։
«Ի դեպ, այս երկու ամիսների ընթացքում, «Հրազդան» ԲԿ-ում արդեն իսկ նկատվում է ստվերային շրջանառության որոշակի նահանջ: Այսպես, օրինակ՝ 2020թ հունվար ամսվա մուտքերը կազմել են 14.047.2 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը կազմել է 11.043.9 մլն ՀՀ դրամ»,-նշում են մարզպետարանից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: