Մեղրիի անցակետ նոր գործուղումներ են եղել՝ Իրանում կորոնավիրուսի դեպքերից հետո
Կորոնավիրուսը մոտեցել է Հայաստանի սահմանին։ Հարևան Իրանում վիրուսի հետևանքով երկու մարդու մահվան դեպք է գրանցվել, չնայած ԱՀԿ պաշտոնական կայքում դրա մասին որևէ հաստատում չկա։
Ու քանի որ հարևաններից առավել հաճախ մեր տուն այցելում են իրանցիները, վիրուսը Հայաստանում հայտնվելու հավանականությունը շատ մեծ է։
Հատկապես եթե հաշվի առնենք, որ առջևում Նովրուզն է, ու բազմաթիվ իրանցիներ տոնն անցկացնում են Հայաստանի տուրիստական քաղաքներում, մտահոգություններն ավելի են լրջանում։
Panorama.am-ն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հետաքրքրվեց, Իրանում մահվան դեպքերից հետո ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում՝ հիվանդության ներթափանցումը Հայաստան կանխարգելելու համար։
Տեսչական մարմնից հայտնեցին՝ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում շարունակվում են ուժեղացված վերահսկողական աշխատանքները՝ կանխելու կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը։
«Երեկվանից սահմանային այս անցակետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվն ավելացվել է։ Վերջին օրերին երկու աշխատող է գործուղվել՝ այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով»,-հայտնեց տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիաննա Եղիազարյանը։
Նրա խոսքով, միաժամանակ, այս անցակետում ներկայում տեխնիկական վերազինման և ԱԱՏՄ սահմանային անցակետը նոր՝ առավել հարմար վայրում տեղակայելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի Մեջլիսի խոսնակ Լարիջանին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կորոնավիրուսին հակազդելու համար
- Իրանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք. BBC
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան