Կառավարությունը համաձայնություն տվեց ԵՄ կողմից միլիոնների օժանդակությանը
Նիստի առաջին երեք հարցով կառավարությունը քննարկեց և ընդունեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար», «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» և «ՀԸԳՀ բարեփոխումների գործիք» ֆինանսավորման համաձայնագրերի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցերը։ Երեք հարցն էլ զեկուցեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ֆինանսական համաձայնագրերով նախատեսվում է Հայաստան ներգրավել 9,15 և 23 մլն եվրո վարկային և դրամաշնորհային միջոցներ։
Մհեր Գրիգորյանը նշեց, որ ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող 2017-2020թթ. միասնական աջակցության շրջանակի ներքո՝ 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նախատեսվում է ստորագրել «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագիր՝ 9 մլն եվրո ընդհանուր արժողությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնություններին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել բազմաբնակարան բնակելի շենքերում, ինչպես նաև հանրային շենքերում, չգազաֆիկացված համայնքներում և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում էներգաարդյունավետության մակարդակը, ինչպես նաև նվազեցնել ջրի աղտոտումը Սևանա լճում:
Մեկ այլ ծրագրով նախատեսվում է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրել «Դերակատարների տեղական մակարդակով հզորացում զարգացման համար» ֆինանսավորման համաձայնագիր՝ ընդհանուր 15 մլն եվրո արժողությամբ, որից ԵՄ օժանադակությունը կկազմի 14 մլն եվրո, ևս 1 մլն եվրո կֆինանսավորվի շահառու հանդիսացող լիազորված մարմնի կողմից:
Այս ծրագիրը միտված է պիլոտային նորարարական մեթոդների և գործընթացների միջոցով տեղական շահագրգիռ կողմերի լայն շրջանակի մասնակցության խթանմանը իրենց համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Ծրագրով կնախատեսվեն նորարարական մեթոդներ և գործիքներ՝ համայնքի ներկայացուցիչներին առաջնահերթությունների նախանշմանը և տեղական ռազմավարությունների մշակմանն առնչվող քննարկումներին ներգրավելու համար: Միաժամանակ կձևավորվեն գործողությունների իրականացման տեղական խմբեր, կխթանվի տարբեր շահագրգիռ կողմերի, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների միջև համագործակցությունը:
Մյուս՝ «ՀԸԳՀ բարեփոխումների գործիք» (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման համաձայնագրով նախատեսվում է 23 մլն եվրո ընդհանուր արժողությամբ գումարի ներգրավում:
Նախատեսված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)ի իրականացման գործընթացին աջակցելու և Հայաստանում իրականացվող բարեփոխումներին օժանդակելու համար։
Ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է օժանդակել որակի ապահովման համապատասխան ենթակառուցվածքին, ՀՀ կառավարությանը տրամադրել ռազմավարական բնույթի խորհրդատվություն և ուղղորդում, ինչպես նաև ամրապնդել ՀՀ պետական հաստատությունների ինստիտուցիոնալ, տեխնիկական և կադրային կարողությունները Թվինինգ ծրագրերի, ԵՄ բարձրաստիճան խորհրդականների ծրագրի և Երիտասարդ փորձագետների ծրագրի միջոցով: