Կառավարության նիստը ձգեցին մինչև տնտեսական աճի ցուցանիշների ստացումը
Այսօր կառավարության նիստի ողջ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպասում էր Վիճակագրական կոմիտեի՝ 2019թ. ամփոփիչ արդյուքներին։
«Ես աշխատում եմ, տեսնենք մինչև ժամը 12-ը ձգենք, այդ ցուցանիշները հրապարակեմ, բայց ոնց որ չենք ձգի՝ առնվազն դռնբաց մասը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Արդյունքում, գործադիրին հաջողվեց զեկուցվող կարճ օրակարգով նիստի դռնբաց մասը ձգել մինչև ժամը 12-ը և ավարտից րոպեներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրապարակեց ստացված ցուցանիշները։
Նա տեղեկացրեց, որ, ըստ նախնական տվյալների, 2019 թվականին արձանագրվել է 7.6 տոկոս տնտեսական աճ:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք աճը գերազանցել է կառավարության նախատեսած ցուցանիշը և ստացավ բացասական պատասխան։ Ապահովվել էր բյուջեով սահմանված ցուցանիշը։
Վարչապետի հարցին ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը համակարգչի էկրանից ընթերցեց ՀՆԱ-ի բացարձակ ցուցանիշը, որը կազմել է 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ:
«Ուրեմն կարող ենք արձանագրել, որ եթե 2019 թվականին աճը եղել է 7,6 տոկոս, նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել և համոզված եմ, որ համատեղ աշխատանքով ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք 2020 թվականի համար»,- եզրափակեց վարչապետը։