Կառավարությունը բյուջեից 3 մլրդ 447 մլն դրամ հատկացրեց ՍԴ փոփոխությունների հանրաքվեի անցկացման ծախսերին
Կառավարությունն այսօր ընդունեց Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ոստիկանությանը գումար հատկացնելու, Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումը։
2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացվի 3 մլրդ 447 մլն դրամ։ Այդ գումարից կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ կհատկացվի 2,553,049.0 հազար դրամ, որից 660 մլն դրամ նախատեսվում է տրամադրել առցանց համակարգով տեսանկարահանման և հեռարձակման հնարավորությունը ապահովելուն։
Որոշմամբ նախատեսվել է ոստիկանությանը հատկացնել 234,317.6 հազար դրամ, որից առաջին եռամսյակում «Կապի ծառայություններ» հոդվածով 224,256.2 հազար դրամ և «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով 10,061.4 հազար դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց հնարավոր այն կարծիքների հետ, թե այդ գումարները իզուր են ծախսվում։
Ըստ վարչապետի՝ ընտրությունների արդյունքում այդ գումարները վերջին հաշվով ներհոսելու են բյուջե։ Նա նշեց, որ նախորդ 1.5 տարում բյուջեի եկամուտերը ավելացել են 1.5 մլրդ դոլարով։
«Այս և այս կարգի որոշումներով մենք նոր թափ ենք տալու այդ պրոցեսներին»,-նկատեց Փաշինյանը։
Նույն միտքը զարգացրեց Տիգրան Ավինյանը. «Այդ ծախսերը միանշանակ արդարացված են և չեն կարող համարվել ճոխություն»։
Իր հերթին արձագանքելով Ավինյանի ելույթին Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ես հույս ունեմ՝ դուք նկատի ունեք, որ հանրաքվեից հետո հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ կդառնա և շատ ավելի մեծ գումարներ կվերադարձվեն պետական բյուջե։ Համենայնդեպս մենք վերջին շրջանում շարունակում ենք քննարկումներ ունենալ մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ և այն լինելու է մեր առաջիկա ամենակարևոր խնդիրներից մեկը։ Ես ուզում եմ հիշեցնել բոլորիս, որ 2018 թվականի քաղաքական գործընթացի սկզբում ես արել եմ հետևյալ քաղաքական հայտարարությունը։ Ես ասել է, որ առաջիկա տարիների ընթացքում մենք պետք է 2.5 միլիարդի հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների հմար, մասնավորապես՝ ԶՈՒ մարտունակության և սպառազինության մակարդակը բարձրացնելու համար։ Այդ 2.5 միլիարդի կեսը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում՝ գողացված միջոցների հետ բերման գործընթացով։ Հարց՝ արդյոք ինձ գոհացնում են այն ծավալները և մասշտաբներ որոնցով այս հարցը լուծել են։ Այո աննախադեպ հաջողություններ ունենք։ Մասնավորապես, միայն այս տարի Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 4 անգամ... 7 անգամ ավելի շատ գումար, քան Հատուկ քննչական ծառայության գոյության ողջ ընթացքում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան