Մահացել է ակադեմիկոս անեսթեզիոլոգ Արմեն Բունիաթյանը
90 տարեկանում Մոսկվայում մահացել է խորհրդահայ անեսթեզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արմեն Բունիաթյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Ա.Բունիաթյանը ծնվել է 1930թվականին Երևանում։ Սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում։ Ընկերոջ՝ ապագա ակադեմիկոս Ստեփան Սիտարյանի պնդմամբ առաջին կուրսից հետո ուսումը շարունակել է Մոսկվայի 2-րդ բժշկական համալսարանում, ավարտել է 1954 թվականին։ 1957 թվականին քաղաքային № 4 հիվանդանոցում՝ պրոֆեսոր Զայցևի մոտ, ավարտել է կլինիկական օրդինատուրան, իսկ 1959 թվականին Մոսկվայի պետական բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում ավարտել է ասպիրանտուրան:
1967 թվականից մշակել է անեսթեզիոլոգիայի նոր ճյուղ՝ վիրահատության ընթացքում կենսակարևոր օրգանների գործունեության համակարգչային մոնիթորինգ, ինչի համար արժանացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի (1983) և պատվոգրի, դարձել Անգլիայի անեսթեզիոլոգիայի Թագավորական քոլեջի իսկական անդամ (1985)։
Բունիաթյանի մշակած հիպոթերմիկ պերֆուզիայի տեխնիկան ներդրվել է բժշկական պրակտիկայում, ինչը մեծապես նպաստել է սրտի վիրաբուժության, հատկապես սրտի իշեմիկ հիվանդության վիրաբուժության ոլորտի զարգացմանը։ Այդ ամենի համար 1988 թվականին Բունիաթյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
1965-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգը:
1991 թվականից ղեկավարել է Մոսկվայի Մ.Ս. Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի բժիշկների հետբուհական մասնագիտական կրթության ֆակուլտետի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ամբիոնը:
Բունիաթյանը պատրաստել է 13 բժիշկ և 77 գիտությունների թեկնածու, հեղինակել ավելի քան 600 գիտական աշխատանք, այդ թվում` 13 մենագրություն, դասագրքեր, տեղեկատուներ, մասնագիտական ձեռնարկներ, 7 գյուտի հեղինակ է: