«Ավելի հեշտ է նոր դպրոցներ կառուցել, քան՝ հինը վերանորոգել»
«2019 թվականը Գեղարքունիքի մարզի համար ձեռքբերումների տարի է եղել, իրականացրել ենք 103 սուբվենցիոն ծրագիր՝ ծախսելով 5.5 մլրդ դրամ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Մարզպետի խոսքով, 2018 թվականին Գեղարքունիքում իրականացվել է 992 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր, ինչը էականորեն զիջում է 2019 թվականին գրանցած տվյալներին։
«Ծրագրերը բազմազան են եղել, օրինակ, 8 մանկապարտեզի ծրագիր է ներկայացվել՝ 2-ը կառուցվող, 6-ն էլ հիմնանորոգվող։ Եղել է 36 ճանապարհաշինարարական ծրագիր, ստեղծվել 17 ոռոգման ցանց, 13 լուսավորման ծրագիր, 22 համայնքում անցկացվել է խմելու ջուր, վերանորոգվել են մշակույթի տներ և այդպես շարունակ»,- ասաց Սանոսյանը։
Նա նշեց, որ մարզի 125 դպրոցներից 118-ը մարզպետարանի ենթակայության տակ են, և բավականին աշխատանք է տարվել կրթության որակի և շենքային պայմանների բարելավմանն ուղղված. «118 դպրոցից 61-ում անցկացվել են շինարարական աշխատանքներ, և գույքի ձեռքբերում։ Այս ուղղությամբ ծախսվել է մոտ 257 մլն դրամ։ Բացի այդ, դեռ փետրվար ամսին խնայողությունների հաշվին կարողացանք 44 դպրոցներում բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը, մարզի ուսուցիչների 39%-ի մասին է խոսքը»։
Սանոսյանի խոսքով, նախորդ տարվա ընթացքում պետբյուջեի հաշվին 437 միլիոն դրամով մարզում 16 հրատապ ծրագրեր են իրականացվել։ Մարզպետը տեղեկացրեց, որ մի շարք նորակառույց դպրոցների և հիվանդանոցների նախագծման աշխատանքներ են տարվել, և 2020 թվականին կսկսվեն շինարարական աշխատանքները։
Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ մարզը զարգացման երեք ուղղություն ունի՝ զբոսաշրջություն, այլընտրանքային էներգետիկա և գյուղատնտեսություն. «Այս ոլորտներում մենք բավականին ձեռքբերումներ ունենք։ Նախորդ տարի օտարված հողերի մեջ բավականին մեծ թիվ են կազմում արևային էներգետիկայի համար օտարված հողերը։ Եվ այս առումով բավականին ձեռքբերումներ ունենք»։
Մշակութային առումով ևս մարզը առաջընթաց է ունեցել։ 2018 թվականին Գեղարքունիքի մարզում նաև թատրոնի բացում է արվել, և նախորդ տարվա ընթացքում 44 ներկայացում է անցկացվել, ներկա է եղել 11500 հանդիսատես, ինչը, ըստ մարզպետի, առաջին տարվա համար բավականին լուրջ արդյունք է։
«Նախրդ տարի նաև ձկան, ավելուկի փառատոններ ենք անցկացրել, որոնք ունենալու են մշտական բնույթ։ Դա բերել է նրան, որ 2019 թվականին Գեղարքունիքի մարզում 52%-ով ավելացել է զբոսաշրջիկների թիվը։ Միայն Սևանա թերակղզի հունիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 158 հազար զբոսաշրջիկ է այցելել»,- ասաց Սամսոնյանը։
Որպես մարզում արդարության վերականգնման օրինակ Սանոսյանը նշեց, որ 983 ընտանիք զրկվել է նպաստից. «Ջիպեր ու դղյակներ ունեցող մարդիկ զրկվել են «Փարոս» ստանալու հնարավորությունից։ Պետությունն իր միջոցները խնայում է, և տարվա վերջում 239 ընտանիքների անասուն, խոտ և որոշակի գումար ենք տրամադրել, որով նրանք կզբաղվեն անասնապահությամբ՝ չզրկվելով նպաստ ստանալու իրենց հնարավորությունից»։
Անդրադառնալով 2020 թվականի ծրագրերին՝ մարզպետը ասաց, որ մարզից 135 սուբվենցիոն ծրագիր է ներկայացվել կառավարությանը, որի արդյունքում տրամադրվել է 6 մլրդ 400 մլն դրամ։ Միայն այս ծրագրերով մարզում 177 նոր շինարարական աշխատանք կմեկնարկի։
«Բացի սուբվենցիոն ծրագրերից, մարզում 17 ճանապարհաշինարարական աշխատանք է իրականացվելու, որի համար տրամադրվող գումարը գերազանցելու է 15 մլրդ դրամը։ Բացի այդ, այս տարի Գեղարքունիքի մարզում 5 նոր դպրոց կկառուցվի, որոնցից 3-ը մինչև 100 աշակերտի համար՝ Ջիլ, Լեռնահովիտ և Շատջրեք գյուղերում, և 2 խոշոր դպրոց Գեղհովիտ և Ճամբարակ համայնքներում»,- նշեց Սանոսյանը։
Մարզպետը նաև հայտնեց, որ Գեղարքունիքում կան 57 ջեռուցման հետ կապված խնդիր ունեցող դպրոցներ, որոնց մի մասը վթարային է. «Այդ խնդիրները փորձում ենք լուծել հենց դպրոցներ կառուցելով, քանի որ հաճախ կառուցելն ավելի հեշտ է, քան հինը վերականգնելը, քանի որ շատ դպրոցներ խայտառակ վիճակում են»։