«Մի քիչ մաթեմատիկայի ու իզմերի մասին». Հայկ Բալանյան
Քաղաքագետ Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի քիչ մաթեմատիկայի ու իզմերի մասին:
Հասարակության մեջ քչերն են կարող նույնիսկ զբաղվել քաղաքականությամբ (ընտանիք, գործ, ազատ ժամանակ, գիտելիքներ, առողջություն), կուսակցություն պահել, թիքնապահներ ու նույնիսկ քիլլերների հրոսակախմբեր:
Բայց կան մարդիկ, որոնք այդ ամենը կարող են միայնակ:
Փոխարենը շարքային քաղաքացիները միավորվում են ու կոլեկտիվ գործունեությամբ ստեղծում են կուսակցություններ, անդամավճարներ են վճարում, ստեղծում են մի բան որը բոլորինն է, բայց ոչ մեկի ջեբի կոոպերատիվը չի, ու այդ միջոցով միասնաբար իրենց քաղաքական կամքն են պարտադրում:
Ժողովրդավարությունը հենց միջին դասակարգի հայտնագործությունն է, օլիգարխներին այն պետք չի: Օլիգարխները ունեն հնարավորություն ու գայթակղություն «փող-իշխանություն-փող» տրանսֆերը իրականացնել առանց այլ քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու:
Եվ ի վերջո ամբողջ խնդիրը հենց այդ «փող-իշխանություն-փող» բանաձևի զսպման մեջ է, ինչի շնորհիվ միայն կարելի է ակնկալել ներառական զարգացում, բարեկեցություն ու առաջընթաց բոլորի համար, սոցիալական սոլիդառություն, ինստիտուտներ ու և այլն, և այլն:
Շատ պարզ սխեմա է, որը գործում է հազարամյակներով ու բոլոր ազգերի մոտ, ու գործելու է հավերժ, քանի դեռ կա մարդը:
Հայ նեոլիբերալները այդ ամենը չեն տեսնում: Չեն տեսնում, որ հասարակությունը բարդ բուրգ է, որի բաղկացուցիչ շերտերի, մասերի մրցակցության ու ուժային բալանսի, ինտեգրալ արդյունքի հետևանքն է պետության որակը ու քաղաքականության վեկտորը ընդհանուր ուրվագծերով: Մարդկանց հատ-հատ են նայում, առանց սոցիալ-քաղաքական խմբային շահերի ու այդ շահերի փոխազդեցության: Միանգամից սոցիալիզմ են պիտակավորում, որովհետև պատմությունը չեն հասկանում ու հասարակության ամբողջ պատկերը չեն տեսնում, քաղաքական մեխանիզմը չեն հասկանում:
Մշակույթ-բան, իրենց հերթին, բայց դոմինանտ շարժառիթը հենց շահերն է, գիտակից կամ ոչ: Մնացած, Մարքսի ասած, надстройка-ն նստում է այդ շատ առարկայական հիերարխիկ բուրգի շերտերի սոցիալ-քաղաքական շահերի վրա:
Իսկ բուն հակասությունը պարզեցված ձևավ հենց դա է. մի կողմից խոշորների՝ մենատնտես ու եսակենտրոն էգոիզմը, մյուս կողմից միջին դասակարգի հանրային բարիքի շուրջ կոլեկտիվ էգոիզմը:
Ստորև բերված հղումը զուտ պարզ օրինակ է թե ինչպես էին «սոցիալիստ» հին հույները լուծում օլիգարխատի հարցերը մ.թ. առաջ:
Ինչ գրողը տանի իզմեր, լիբերալներ ու սոցիալիստներ, մշակույթ, եսիմ ինչ: Պարզ մաթեմատիկա է, ուժային բալանսի պահպանման միջոց է, մարդիկ այդ ձևն էին իրենց համար գտել: (Չեմ ասում մերոնց էլ դեպորտ անել, զուտ տեղեկացնում եմ:)
Բայց իզմեր կան: Իզմերը պետք են քաղաքացիներին բացատրելու համար, որ սովորեն կոլեկտիվ գործողություններ՝ կոլեկտիվ շահի հիման վրա, հասկանան հանրային բարիքի գաղափարը ու ինքնակազմակերպումը: Առավելևս այդ ամենը մեզ, հայերիս է վերաբերվում:
Բայց... սկզբից բուրգի ուժային բալանսը ապահովեք:
Չապահովեցինք՝ ոչ մի մշակութաբանություն, քարոզ, փիառ ու кодекс строителя коммунизма չի փրկի ռևանշից:
Հ.Գ.
Մի 20 անգամ գրել եմ, ու էլի կգրեմ, մինչև էս անտեր մաթեմատիկան նորմալ չբացատրվի 6 դասարանի Համաշխարհային պատմության դասագրքում»։