Հանձնաժողով. «Ապարան Ջուր»-ի ջուրը բնական աղբյուրից չէր
Անբարեխիղճ մրցակցության գործողության` հասարակության մոլորեցման համար նախազգուշացում է տրվել «Ապարան Ջուր» ՍՊԸ-ին:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզել է, որ ընկերության կողմից շշալցված ապրանքը ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգի իմաստով չի հանդիսանում «Բնական խմելու աղբյուրի ջուր», սակայն մակնշված է որպես այդպիսին:
Միաժամանակ որոշում է կայացվել վերսկսել «Ուոթերլոկ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա վերջինիս նկատմամբ հարուցված վարչական վարույթը:
Վարչական վարույթ է հարուցվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ:
ՀՀ ԱԻՆ-ի կողմից ստացված գրության հիման վրա Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել Նախարարության կողմից միասնական հսկողական համալիր համակարգի ձեռքբերման գործընթացների վերաբերյալ, որի ընթացքում պարզ է դարձել, որ վերոնշյալ համակարգի ձեռքբերման, շահագործման, ծառայությունների մատուցման, գնային քաղաքականության գործընթացների շրջանակներում ԱԻՆ-ի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ի կողմից իրականացված գործողությունները կարող են պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես հնարավոր արգելված պետական օժանդակության, պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող հնարավոր գործողությունների կամ վարքագծի կամ ակտի առկայության, հնարավոր հակամրցակցային համաձայնության, գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներ: