Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը
Այսօր 90 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանը: Այս մասին տեղեկանում ենք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։ Երկար տարիներ Յուրի Դավթյանը եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է մի շարք հեղինակավոր նվագախմբեր։ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում մեծանուն դիրիժորն իրականացրել է ավելի քան 30 մեծածավալ օպերաներ և բալետներ:
Յուրի Դավթյան ծնվել է 1929թ. հունիսի 10-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1938թ. ընդունվել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան: 1947-52թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում` Կոնստանտին Սարաջևի և Գևորգ Տիգրանովի դասարաններում: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է ԽՍՀՄ պետական նվագախմբում` որպես ստաժոր: 1953թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում` որպես դիրիժոր, 1980-2000թթ եղել է գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է Ա.Բաբաևի «Արծվաբերդ», Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Ա.Սպենդիարյանի «Ալմաստ», Տ.Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Ջ.Վերդիի «Տրավիատա», Գ.Եղիազարյանի «Սևան» (բալետ), Ս.Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն» (բալետ) ներկայացումները: 1962-63թթ մաստեր-կլաս է անցել պրոֆեսոր Մարկևիչի մոտ: 1964-66թթ եղել է Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: 1966-70թթ և 1992-94թթ ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախումբը: Ղեկավարել է նաև ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր` ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում և այլ երկրներում: Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ:
Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորն է: 1969թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվտորիայում (1979թ-ից՝ պրոֆեսոր): 1972թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2014թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության և Երաժշտական ընկերության «Կոմիտաս», ՀՀ վարչապետի հուշամեդալներին, Երևանի քաղաքապետարանի և ՀԹԳՄ ոսկե մեդալներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա