Հայաստանում կնշվի Բեթհովենի 250-ամյա հոբելյանը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020-ի համերգաշրջանը կբացի բեթհովենյան շնչով: Այս տարի ամբողջ աշխարհը տոնում է դասական կոմպոզիտորական արվեստի հանճարներից ու սիմֆոնիկ երաժշտության հիմնասյուներից մեկի՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյա հոբելյանը: ՀԱՖՆ-ի փետրվարի 21-ին կայանալիք համերգին կհնչի Բեթհովենի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ թիվ 5 սիմֆոնիան: Այն կղեկավարի «Գրեմմի»-ի մրցանակակիր, բեթհովենյան երաժշտության գիտակ Ջոն Նելսոնը, ով մեր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկն է, հանդես է եկել Իսպանիայի և Լոնդոնի բոլոր նվագախմբերի հետ: Համերգային ծրագրում բացի Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայից կհնչի Նիլսենի «Դիմակահանդես» նախերգանքը (հայաստանյան պրեմիերա) և Մոցարտի Դաշնամուրի թիվ 17 կոնցերտը, որպես մենակատար հանդես կգա Անդրեաս Ֆրյոլիխը: Այս մասին հայտնում են նվագախմբից։
2020 թվականը կնշանավորվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 95-ամյա և Բեթհովենի 250-ամյա հոբելյանների տոնակատարություններով: Այդ կապակցությամբ նվագախումբը կիրականացնի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը:
Նվագախումբը կհնչեցնի Բեթհովենի ինը սիմֆոնիաները, մի շարք կոնցերտներ, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացնի կոմպոզիտորի կամերային և վոկալ ժառանգությունը: Փառատոնին, բացի Ֆիլհարմոնիկ նվագախմբից, հանդես կգան նաև հայաստանյան այլ առաջատար կոլեկտիվներ, և ասուլիսին մանրամասներ կբացահայտվեն նաև նրանց մասնակցության վերաբերյալ:
Փառատոնի շրջանակում Դիլիջանում կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ Եվրոպայից հրավիրված բեթհովենագետների մասնակցությամբ, կիրականացվեն բազում հետաքրքիր միջոցառումներ: Բեթհովենյան փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա