ԱԱԾ-ն արձագանքել է Լևոն Քոչարյանի կոչին
Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ «www.facebook.com» սոցիալական ցանցում մտացածին կամ իրական անուններով բացված մի շարք անհատական էջերի 3 օգտատերեր 2019 թ. նոյեմբերից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում բաց հարթակում հրապարակայնորեն կատարել են ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև ահաբեկչության հրապարակային կոչեր՝ օգտատերերի լայն լսարանի առջև քարոզելով նախկին և ներկայիս քաղաքական և հասարակական գործիչների, սոցիալական խմբերի հանդեպ բռնությամբ զուգորդված գործողությունների կատարում, որն առաջացրել է դրանց կատարման իրական վտանգ:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ հիշյալ արարքներ կատարելիս ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք թույլ են տվել վիրավորական և նշավակող արտահայտություններ հայ ժողովրդի բացարձակ արժեքների՝ Հայոց լեզվի և բանակի վերաբերյալ, բռնության կոչերով հանդերձ հրապարակել են ինչպես ՀՀ իշխանության, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 1-ին և 2-րդ Նախագահների պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ծաղրանկարներ։
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։
Նախաքննական մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հիշյալ օգտատերերի կապերի շրջանակը պարզելու, այլ հանցադեպերը բացահայտելու և հնարավոր վտանգները չեզոքացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Երեկ համացանցում հայտնվել է այս օգտատիրոջ գրառումը, որը լայնորեն տարածվում է սոցիալական ցանցերում: Նման գրառումը Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձ է, որն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը: Կոչ եմ անում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը, նույն ջանասիրությամբ և արագությամբ, ինչպես դա արվել է նախորդ դեպքերում: Հուսով եմ, որ կրկին անգամ ականատեսը չենք լինի երկակի ստանդարտի կիրառման:
Նման գրառում տարածողները կամա, թե ակամա սերմանում են ներազգային ատելություն` իրականացնելով մեր թշնամու ծրագիրը»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյանի կոչին ԱԱԾ-ում ծանոթացել են
- Լևոն Քոչարյան. Հուսով եմ, որ կրկին անգամ ականատեսը չենք լինի երկակի ստանդարտի կիրառման
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին