Ջազ նվագախումբը կներկայացնի գերշվինյան ինքնատիպ երեկո
Հայաստանի պետական ջազ նվագախումբն ինքնատիպ գերշվինյան երեկո կնվիրի հայ ունկնդրին: Փետրվարի 22-ին, ժամը 19։00-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) հանդիսատեսը կհայտնվի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի հեքիաթային ստեղծագործական աշխարհում։ Այս մասին հայտնում են ջազ նվագախմբից։
Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կներկայացվի Գերշվինի ստեղծագործական հարուստ ներկապնակը՝ ժամանակակից ու հետաքրքիր մեկնաբանությամբ:
Ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար Ջորջ Գերշվինը ծնվել է 1898 թ.: Նա սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից էր, «Պորգին ու Բեսը» (1935թ.) ամերիկյան ազգային առաջին օպերայի հեղինակը։ Կոմպոզիտորը երաժշտական կանոնավոր կրթություն չի ստացել, դաշնամուրի և հարմոնիայի մասնավոր դասեր է առել ժամանակի նշանավոր երաժիշտ-մասնագետներից, հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ։
Գերշվինը՝ որպես ջազային երգերի, օպերաների, մյուզիքլների հեղինակ, 25 տարեկանում արդեն ճանաչված էր Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, որտեղ էլ 1928թ. ծանոթացել ու մտերմացել է Մորիս Ռավելի և այլ անվանի երաժիշտների հետ։ Գերշվինը իմպրովիզացիոն ջազի ավանդույթները, աֆրոամերիկյան երաժշտական ֆոլկլորի և թեթև ժանրի բնորոշ տարրերը զուգորդել է եվրոպական երաժշտության դասական ձևերին (օպերային, սիմֆոնիկ կոնցերտային)։
Քաղաքական թեմաներով գրել է «Թող թնդա նվագախումբը», «Քեզ եմ երգում» մյուզիքլները, «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ սյուիտը։ Գերշվինի` դաշնամուրի և սիմֆոջազի համար գրված «Բլյուզի ոճով ռապսոդիան» և «Պորգին ու Բեսը» օպերան արժանացել են համաշխարհային ճանաչման։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան