Գերմանացի դիրիժորը տպավորված է Կամերային նվագախմբի և երգչախմբի կատարումներից
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը այսօր՝ ժամը 19:00 կներկայացնի բացառիկ համերգ, որի ընթացքում կհնչի Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը: Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին այն կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Գերմանիայից մեր երկիր ժամանած Theodor Schüz Ensemble-ն ու իր երաժիշտները՝ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի (Գերմանիա) ղեկավարությամբ:
Դիրիժորը շատ տպավորված է նվագախմբի և երգչախմբի հետ աշխատանքից: Երկու մշակույթների համագործակցությունն ինքնատիպ պտուղներ է տալիս:
Ֆիլիպ Ամելունգն առաջին անգամ է Հայաստանում, ասում է՝ հիացած է մեր երկրով: Հայաստանին ծանոթացել է Theodor Schüz Ensemble-ի անդամներից մեկի՝ հայազգի Աննա Ավդալյանի միջոցով: Նշում է՝ ուսումնասիրել է Կամերային նվագախմբի և Կամերային երգչախմբի ձայնագրությունները, և այնուհետև իր ցանկությունն է հայտնել համագործակցել նրանց հետ հենց մեր երկրում: Նրա ղեկավարած ու հիմնադրած Theodor Schüz Ensemble-ն առաջին անգամ է մեր երկրում հենց այս համերգի համար: Հատկանշական է, որ գործը Հայաստանում կհնչի գերմանական կողմի նախաձեռնությամբ:
«Մենք մտածում էինք, թե ինչ ստեղծագործություն կարող է հետաքրքիր լինել կատարել այստեղ: Ցանկանում էինք այստեղ հանդես գալ մինչև Սուրբ Զատկի տոնը, որովհետև Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը հնչում է հենց մինչ այդ տոնը: Պետք է ասեմ, որ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունը ներկայացնում է Հիսուսի չարչարանքները: Բախը 5 տարբեր չարչարանքներ է հեղինակել, սակայն դրանցից միայն երկուսն են մեզ հասել, իսկ մյուսների նոտաներն անհետացել են»,-ասում է Ֆիլիպ Ամելունգը:
Գերմանացի դիրիժորը փաստում է՝ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն առաջին գործն է, որը Բախը գրել է Լայպցիգ գալուց հետո: Նրա խոսքով՝ այս ստեղծագործությունը շատ հայտնի է և մեծ ժողովրդականություն է վայելում, հաճախ է հնչում եվրոպական երկրներում:
«Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ շատ հարմար է աշխատել, այստեղ երաժշտության կատարման մակարդակը շատ բարձր է, և, իհարկե, ես այդ մասին մինչ այստեղ գալս էլ գիտեի, քանի որ լսել էի նրանց կատարումները: Նրանք շատ են աշխատում, և պատրաստ են համերգին»,-ասում է դիրիժորը:
«Չարչարանքներ ըստ Հովհաննու» գործը արևմտաեվրոպական երաժշտության գագաթներից է: Այն ինքնատիպ ելևէջներով ներկայացնում է Հիսուսի չարչարանքները, անդրադարձ է կատարում Աստվածաշնչյան դրվագներին:
Գործն առաջին անգամ հնչել է 1724 թվականին: Բախն այն մի քանի անգամ վերախմբագրել է: Հայաստանում այն վերջին անգամ հնչել է 1999 թվականին, տևական ժամանակ չի ներկայացվել:
Տեղեկացնենք, որ փետրվարի 22-ին էլ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, որին ևս միանալու ցանկություն են հայտնել գերմանական կողմի արտիստները:
Դիրիժոր Ֆիլիպ Ամելունգն իր ժամանակների ամենաճկուն դիրիժորներից է: Իր երաժշտական կարիերան սկսել է ութ տարեկանից՝ Տյոլցի տղաների երգչախմբում, որտեղ և հետագայում աշխատել է: Հանդես է եկել Georgian Chamber Orchestra Ingolstadt, Munich Symphony Orchestra, Southwest German Chamber Orchestra Pforzheim, Karlovy Vary Symphony Orchestra, North Bohemian Philharmonic Orchestra Teplice և այլ կոլեկտիվների հետ: Սերտորեն համագործակցում է նաև բարոկո նվագախմբերի հետ: Մյունխենում 2000 թվականին հիմնադրել է երաժշտական փառատոն: Ակտիվորեն զբաղվում է մանկավարժական գործունեությամբ: Թյուբինգենի համալսարանի երաժշտական տնօրենն է, այդ պաշտոնին է ընտրվել 140 դիմողների հաղթելով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա