Փաշինյան. ՀՀ-ում երիտասարդության շրջանում քրեական փսևդո-մշակութային ազդեցությունները շատ մեծ են
«Մենք հիմա մշակում ենք Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարությունը, այդ զարգացման տեսլականի մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս սպորտին` արձանագրելով մեր ազգային և պետական նպատակը մինչև 2050 թվականն ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ»,- Բաղրամյան 26-ում տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ շատերին այս նշաձողը թվում է չափազանց բարձր, բայց դա իրենց ոչ թե հուսահատեցնում է, այլ ընդհակառակը՝ ոգևորում է։
«Չեմպիոն լինելու համար կա մի շատ կարևոր նախապայման՝ տրամադրված լինել անել ոչ թե այն, ինչ հնարավոր է, այլ անել այն, ինչ անհնար է»,- ասաց վարչապետը։
Ն. Փաշինյանն ասաց, որ այսօրվա միջոցառումը գործնական մեկնարկն է իրենց քաղաքական այդ հայտարարության, թե սպորտի զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն։
«Կարևոր եմ համարում Հայաստանի համար մեծ սպորտի զարգացումը, կարծում եմ՝ մեր մարզիկների հաղթանակները միջազգային ասպարեզում ոչ միայն նրանց անհատական հաջողությունն է, նրանց մարզիչների, մարզադպրոցների հաջողությունն է, նաև մեծացնում է Հայաստանի քաղաքացիների, հայ ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Մեր մարզիկների առաքելությունը լինելով շատ կարևոր մարզական առաքելություն, նաև ազգային և պետական առաքելություն է։ Մենք այդպես ենք ընկալում և սա է պատճառը, որ ունենք քաղաքական որոշում, որ ամուր, պինդ կանգնենք մեր մարզիկների, սպորտի կողքին, մեզանից կախված առավելագույնն անել Հայաստանի սպորտի զարգացման համար»,- ասաց կառավարության ղեկավարը։
Ն. Փաշինյանը կարևորում է սպորտի դերը նաև սերունդների դաստիարակության և արժեհամարկագային փոփոխություններ անելու իմաստով։
«Բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ, ցավոք սրտի, Հայաստանում երիտասարդության շրջանում քրեական փսևդո-մշակութային ազդեցությունները շատ մեծ են։ Մեր չեպիոնների դերը տեսնում եմ նաև սրա մեջ, որ նրանք դառնան ընդօրինակելի կերպար երիտասարդների համար, որոնց վստահություն կներշնչեն սեփական ուժերի նկատմամբ, ցույց կտան թե մարդու նպատակաուղղվածությունը, աշխատասիրությունը, թիմային լինելու ընդունակությունն ինչպիսի բարձունքների կարող է հասցնել ոչ միայն յուրաքանչյուր անհատի, այլ մի ամբողջ ժողովրդի, պետության»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ Հայաստանում պետք է զարգացնել մարզական, սպորտային ենթակառուցվածքները, ունենալ լավ մարզադպրոցներ, լավ մարզագույք, խրախուսել լավ մարզիչներին, ունենալ կրթական այնպիսի համակարգ, որը կմատակարարարի լավ մարզիչներ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշվեց պահուստային ֆոնդից գումար հատկացնել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված մարզիկներից յուրաքանչյուրին 5- ական մլն դրամ պարգևատրելու նպատակով։ Կառավարությունը պարգևատրման համար նախարարությանը փոխանցեց 50 մլն դրամ։
Պարգևներ ստացած 10 լավագույն մարզիկներն են՝
1. Արթուր Ալեքսանյան հունահռոմեական ըմբշամարտ
2. Ռուբեն Ալեքսանյան ծանրամարտ
3. Արթուր Ավետիսյան մարմնամարզություն
4. Հովհաննես Բաչկով բռնցքամարտ
5. Սլավիկ Գասպարյան հունահռոմեական ըմբշամարտ
6. Տիգրան Կիրակոսյան սամբո
7. Արսեն Հարությունյան ազատ ոճի ըմբշամարտ
8. Սիմոն Մարտիրոսյան ծանրամարտ
9. Գոռ Մինասյան ծանրամարտ
10. Հակոբ Մկրտչյան ծանրամարտ
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը մարտական է տրամադրված
- Գոռ Մինասյան. Ամեն ինչ արվում է, որ Տոկիոյում այդ ոսկին ունենանք
- 10 լավագույն մարզիկի կհատկացվի 5–ական միլիոն դրամ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց
- Հայաստանի 10 լավագույն մարզիկները