Կինոյի հանճարի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է
«Ինձ համար մեծագույն ուրախություն էր դիտել Փելեշյանի ֆիլմերը, հատկապես «Տարվա եղանակները»: Այս ֆիլմն ինձ ստիպեց այլ կերպ մտածել կյանքի ու արվեստի մասին: Ես հանկարծ տեսնում եմ մի կյանք, ուր մարդիկ ռոբոտներ չեն, ես տեսա իսկական մարդկանց, բնության և մարդու ներդաշնակություն: Ես հասկացա, որ հանդիպել եմ մեր ժամանակների մեծագույն ռեժիսորի հետ». այս խոսքերի հեղինակը աշխարհահռչակ իտալացի կինոսցենարիստ, դրամատուրգ, բանաստեղծ, նկարիչ, քանդակագործ Տոնինո Գուերան է։
Այսօր 20-րդ դարի համաշխարհային վավերագրական կինոյի մեծերից մեկի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է։
Արտավազդ Փելեշյանին համաշխարհային հռչակ ձեռք բերեց՝ առաջին անգամ իր ֆիլմում օգտագործելով «Տարածական մոնտաժի տեսությունը»: Նրա այդ ուսմունքը դարձավ անփոխարինելի դասագիրք բազմաթիվ բուհերի ուսանողների համար:
Նրա ֆիլմերում չկա երկխոսություն, իսկ երաժշտությունն ու ձայնը ունեն նույնքան կարևոր դեր, որքան պատկերները ՝ կազմելով մեկ ամբողջականություն: Առայսօր նրա վավերագրական ֆիլմերը շարունակում են ծառայել որպես բարձր վարպետության լավագույն օրինակներ բազմաթիվ երիտասարդ կինոռեժիսորների համար:
Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» (1972 թ.) կինոնկարը ընգրկվել է «Բոլոր ժամանակների ու երկրների տասը լավագույն վավերագրական ֆիլմեր» անվանացանկի մեջ:
Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում։ Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում, այժմ՝ Վանաձոր։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ Նրա ֆիլմերը մեծ ճանաչում ունեն աշխարհում: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»:
1969 թ-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» (Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ) կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն:
«Տարվա եղանակները» (1975 թ.) և «Մեր դարը» (1982 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1985 թ.) կինոպոեմներին բնորոշ են թե նուրբ քնարականությունը, թե էպիկական հզոր շունչը: «Տարվա եղանակները» կինոպոեմը Հայաստանի լեռներում բնակվող հովիվների մասին է։ Հիմնական թեման մարդու և բնության միջև հակասություններն են և միևնույն ժամանակ հարմոնիան։
Փելեշյանը պատկերահնչյունային մոնտաժի բարձր վարպետությամբ է ստեղծել «Վերջ» (1992 թ.) և «Կյանք» (1993 թ.) ֆիլմերը: Լավագույններից են նաև «Աշնանային հովվերգություն» (1971 թ.), «Աշնանային շուկայի գույները» (1985 թ.) կինոնկարները:
Փելեշյանը նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում (1969 թ.)՝ Ռևազի դերում: Նա «Տարածական մոնտաժ» (1974 թ., «Վոպրոսի կինոիսկուսստվա», պրակ 15) աշխատության մեջ շարադրել է մոնտաժի իր տեսությունը:
Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.) շքանշանով, արժանացել «Մեծ» (2000 թ., միջազգային կինոփառատոն, Փարիզ), «Փարաջանովյան Թալեր» (2006 թ., «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, Երևան) մրցանակների: Յիհլավայի (Չեխիա) վավերագրական ֆիլմերի միջազգային 19-րդ կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար։
Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը մի առիթով ասել է. «Հանդիսատեսների լայն շրջաններում դեռևս հայտնի անուն չէ Փելեշյանը, բայց չէ՞ որ մեր կինոյի մեծերը նրան համարում են հանճար»։
Ռուս նշանավոր կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը ևս Փելեշյանին հանճար է անվանել։ Նա նշել է, որ Հայաստանն անբացատրելի ուժ ու ձգողականություն ունի և բնական է, որ հենց այստեղ է ծնվել Արտավազդ Փելեշյանը:
«Փելեշյանը հանճար է. յուրաքանչյուր հայ պետք է հպարտ լինի, որ այդպիսի հանճարի հայրենակիցն ու ժամանակակիցն է: Մեր բոլորի ցավն է, որ Փելեշյանը ֆիլմ չի նկարում արդեն մոտ 20 տարի: Կասկածից վեր է՝ եթե նկարեր, հերթական գլուխգործոցը կլիներ ու մեծ պարգև՝ համաշխարհային կինոյին»,- ասաց Ալեքսանդր Սոկուրովը:
Հարակից հրապարակումներ`
- Փելեշյան. Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով
- Արտավազդ Փելեշյանը, Նարա Շլեպչյանը, Ռազմիկ Դավոյանն ու Ռալֆ Յիրիկյանը՝ «Երևանի պատվավոր քաղաքացի»
- «Ես խոնարհվում եմ Փելեշյանի ոչխարների առջև»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին