Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն ընդունվել է ամենաջերմ ու անվերջ ծափահարություններով
Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը երկար դադարից հետո հնչել է Հայաստանում՝ արժանանալով բուռն ու անվերջ ծափահարությունների:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը փետրվարի 21-ին ներկայացրել է բացառիկ համերգ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անցկացված երեկոյին Բախի այս հանճարեղ գործը կատարել են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Գերմանիայից մեր երկիր ժամանած Theodor Schüz Ensemble-ն ու իր երաժիշտները՝ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի (Գերմանիա) ղեկավարությամբ:
Հայաստանի պետական կամերային նվագախմբից հայտնում են, որ Ամելունգը, ով առաջին անգամ էր մեր երկրում, խոստովանել է, որ շատ տպավորված էր նվագախմբի և երգչախմբի հետ աշխատանքից:
Նա շեշտել է՝ ինքն է ընտրել ստեղծագործությունը անսամբլի հետ, և ցանկացել հենց այս գործը կատարել մեր երկրում: Ի դեպ, գործը երևանյան բեմում հնչել է օրիգինալ լեզվով՝ գերմաներենով:
Գերմանացի դիրիժորն առանձնահատուկ շեշտել է, որ հայկական և գերմանական երաժշտախմբերը քրտնաջան աշխատել են՝ նման արդյունքի հասնելու համար: Նա առանձնահատուկ կարևորել է այն հանգամանքը, որ ելույթի ընթացքում արտիստները ոչ թե կանգնած էին յուրաքանչյուրն իր կոլեկտիվի կողքին, այլ սփռված էին ամբողջ բեմով՝ այդպիսով ստեղծելով յուրատեսակ միասնություն:
Հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել երկու ժամանոց գործի կատարումը: Ի դեպ, համերգին ներկա էր նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
«Չարչարանքներ ըստ Հովհաննու» գործը արևմտաեվրոպական երաժշտության գագաթներից է: Այն ինքնատիպ ելևէջներով ներկայացնում է Հիսուսի չարչարանքները, անդրադարձ է կատարում Աստվածաշնչյան դրվագներին: Գործն առաջին անգամ հնչել է 1724 թվականին: Բախն այն մի քանի անգամ վերախմբագրել է: Հայաստանում այն վերջին անգամ հնչել է 1999 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա