Հիշողության զիգզագներ
Ինչպե՞ս է լինում, որ մարդիկ են կորցնում իրենց հիշողությունը ոչ թե ծերությունից, այլ քաղաքական նպատակահամարությունից։ Ի՞նչն է ստիպում շարքային քաղաքացուն ուրանալ սեփական անցյալը, և այն տեղավորել պարտադրված կարծրատիպերի շրջանակներում։ Եթե այդ կարծատիպեր թելադրողներն ինչ-ինչ խնդիրներ լուծելով՝ բարիքների են հասնում, ապա շարքային քաղաքացին ի՞նչ է շահում նրանց համար գլխաքանակ ապահովող զանգվածի մաս դառնալով։
Կիսահռետորական այս հարցերի պատասխաները փորձենք գտնել 45 տարեկանից բարձր հայաստանցիների հիշողության ծալքերում։
Նրանք այն տարիքում են, որ դժվար մոռացած լինեն 90-ականների մեր գրեթե քարանձավային կենցաղը՝ առանց գազի ու էլեկտրականության, առանց ջրի ու նորմալ սննդի, համատարած գործազրկության և ամիսներով չվճարվող կենսաթոշակների պայմաններում։
Դժվար թե մոռացած լինեն նաև, որ 2000-ականներին վերականգվեցին էլեկտրամատակարումն ու գազամատակարարումը, կարգավորվեց թոշակ-աշխատավարձերի կանոնավոր տրամադրումը, բացվեցին աշխատատեղեր, խանութներում հայտնվեց պարեն, և ընդհանրապես՝ կյանքը մտավ բնականոն հունը։
Հնարավոր չէ նաև պատմությունից ջնջել այն իրողությունը, որ 1991-1998թթ ՀՀ նախագահ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ 1998-2008թթ՝ Ռոբերտ Քոչարյանը։ Սիրենք թե չսիրենք, ընդունենք թե չընդունենք այդ անձանց՝ պատմությունը փոխել չենք կարող, եթե անգամ Վիքիպեդիայում կամ 2019-2020 ուս․տարվա 9-րդ դասարանի Պատմության դասագրքում ներկայացված են Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի անկապ ու կցկտուր մի քանի տող։
Բայց դրանից չե՞ն փոխվում չէ Դավթաշենի կամրջի (2001թ), Դիլիջանի թունելի (2004թ), Հյուսիսային պողոտայի (2007թ) կամ Սարալանջի ճանապարհի (2007թ) շահագործման հանձնման տարեթվերը։ Պատմության մեջ անջնջելիորեն դաջվում են դրվագներ և իրադարձություններ, որոնք խմբագրման ենթակա չեն, որքան էլ որ այդ ուղղությամբ բացահայտ ու ծածուկ աշխատանքներ տարված լինեն տարիներ շարունակ։
Հիմա, հետին հայացքով վերլուծելով մեր թարմ անցյալը՝ կարող ենք ասել, որ 2018-ի իշխանափոխությանը Լևոն Տեր-Պետրոսյանն իր թիմով պատրաստվում էր վաղուց, հենց 1998-ի փետրվարի իր հրաժարականից հետո, հետագա տարիներին համալրելով իրենց շարքերն այլ թիմերով։
1999-ից սկսվեց «ստորգետնյա» բնույթ կրող վարկաբեկիչ լուրերի տարածումը՝ փորձելով Ռ․ Քոչարյանի վրա բարդել հոկտեմբերի 27-ը։ Գործի քննությունն այն ժամանակ ամբողջովին հանձնվեց լևոնական կադրերին, որոնք չկարողացան գեթ մեկ ցուցմունք կորզել նախագահ Քոչարյանի դեմ։ Իսկ 2018-ին լույս տեսած Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքում հանրայնացված հինգ պաշտոնյանների նշանակման ցուցակը, որը նախագահին էր հանձնվել ողբերգության գիշերը՝ ավելի քան խոսուն ապացույց է թե ով ինչ դեր ուներ կատարվածում (հիշեցնենք ցուցակը՝ 1․Վարչապետ՝ Վահան Շիրխանյան, 2․Գլխավոր դատախազ՝ Գագիկ Ջհանգիրյան, 3․ԱԱ նախարար՝ Վյաչեսլավ Հարությունյան, 4․ՆԳ նախարար՝ Մուրադ Կիրակոսյան, 5․ Համակարգող նախարար՝ Անդրանիկ Քոչարյան)։
2008-ի փետրվար-մարտին նախագահանական ընտրությունների արդյունքներից դժգոհ լինելու անվան տակ հեղաշրջման փորձ արվեց, որի կանխումը չներվեց Քոչարյանին ո՛չ ներքին, ո՛չ արտաքին դերակատարների կողմից։ Եվ այսօր նա կալանավորված է Սահմանդրական կարգի տապալման զավեշտալի մեղադրանքով։
2010-ից շրջանառության մեջ դրվեց Քոչարյանի 4 միլիարդի, բանկերի ու հանքերի տեր լինելու առասպելը։ Քոչարյանի դեմ 19 ամիս ձգվող հետապնդման ընթացքում դրանք վերջնականապես միֆազրկվեցին, քանի որ անգամ գործի դնելով իրավական և ոչ իրավական բոլոր հնարավոր միջոցները՝ ոչինչ ապացուցել չկարողացան։ Բայց աբսուրդն այն է, որ ոմանք դեռ շարունակում են հավատալ տարիներ շարունակ կաթացրած այդ հեքիաթին, ասես չուզենալով հրաժարվել թիրախից, ում կարող ես մեղադրել սեփական անհաջողությունների համար։
Այս խաթարված հիշողության մեխանիզմն է անբացատրելի։ Եթե Փաշինյանի, Տեր-Պետրոսյանի և մյուս ռևանշիստ հհշական-հակականների դեպքում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ տածած նեգատիվը մի կերպ կարելի է հասկանալ, ապա այն որևէ բացատրություն չունի շարքային քաղաքացիների դեպքում, ովքեր 1998-2008 թվականներին քաղաքակիրթ պայմաններում սկսեցին ապրել՝ երկրի տնտեսական վերելքի շնորհիվ։ Փաստորեն, այդ տարիները ոմանց հիշողությունից կորած կարելի է համարել։
Զարմանալի են ավագ սերնդի հիշողության անհասկանալի զիգզագները, որոնք չգիտես ինչու լիովին համապատասխանում են գործող իշխանությունների ցանկալի տարբերակներին։ Իսկ այդ մարդիկ երբևէ մտածե՞լ են, որ սեփական հիշողությունը հարմարեցնելով այս պահի նպատակահարմարությանը, օգնում են իշխանության եկած ուժերին իրականացնել ոչ ազգանպաստ ծրագրեր՝ դառնալով նրանց համար ընտրազանգված ու հենարան։ Ամեն մեկի հիշողությունը իր «ես»-ի մի մասն է․․․ արժե արդյո՞ք դա ծառայեցնել ոմանց քաղաքական շահերին։ Հաստատ չարժե։
Լիա Իվանյսն, հրապարակախոս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին