Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Բուն Բարեկենդանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 13:30-ին, տեղի կունենա Բուն Բարեկենդանի տոնախմբությանը, որը շքերթով կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտից։
Ինչպես տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմից, մասնակիցները դիմակներով, երգուպարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, կքայլեն դեպի Ազատության հրապարակ: Այստեղ սպասվում է մեծ տոնախմբություն, որն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Փետրվարի 23-ին՝ ժամը 13:30-ին, վերցնում եք ձեր դիմակները, զարդարվում եք բարձր տրամադրությամբ ու միանում եք Բուն Բարեկենդանի տոնախմբությանը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտ թեմի երիտասարդները սիրով կսպասեն բոլորիդ: Հենց այստեղից ուրախ շքերթով մեկնարկելու է Բուն Բարեկենդանի տոնախմբությունը:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և թեմի երիտասարդների երկարամյա ջանքերի շնորհիվ Բուն Բարեկենդանն արդեն դարձել է Երևանի ամենաուրախ տոներից մեկը, որին սիրով սպասում են շատերը:
Սպասվում են՝ թատերական ներկայացումներ, ազգագրական երգուպար, ծիսական ուտեստներ, ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք, ազգային խաղերի մրցումներ, մրցանակներ, Քաջ Նազարն ու Ուստիանն էլ իրենց ուրախ կատակներով անպոչ գդալի նման ամեն տեղ մեջ կընկնեն…
Մեր ավանդական շքեղ տոնը վերականգնվում է. Բուն Բարեկենդանը կրկին դառնում է սպասված ու մեծ տոն, որի ժամանակ մեծն ու փոքրը, հարսն ու սկեսուրը, ղեկավարն ու ենթական հավասարվում են, որտեղ կյանքի դիմակները դառնում են տոնական:
Մեծ Պահքից առաջ ժամանակն է ուրախանալ, լիցքաթափվել և հայկական ջերմությամբ լիցքավորվել»,- այս մասին ասված է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի տարածած հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին