«Ժողովուրդ». Մարզերում աշխատանքները կհամակարգեն մարզպետները
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ավարտին է հասցրել շտաբների ձևավորման աշխատանքները: Եվ մեր տեղեկություններով՝ մարզերում աշխատանքները կհամակարգեն մարզպետները և այդ տարածքից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները:
Վերջիններս այս օրերին փորձում են թիմ հավաքել, որպեսզի ավելի մեծ թիմով և արագ կերպով քարոզարշավ իրականացնեն: Նույն պատկերն է նաև Երևանում. այստեղ ևս տարածքներով կզբաղվեն վարչական շրջանների ղեկավարներն ու այդ տարածքից ընտրված պատգամավորները:
Եվ չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որպես «Այո»-ի կողմ, նշված է 44 պատգամավորի անուն, սակայն մենք տեղեկացանք, որ «Իմ քայլ»-ում այդ շրջանում ակտիվ կլինեն բոլորը, իսկ դա կսկսվի փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյից հետո: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ևս այս օրերին զբաղված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված շտաբի ձևավորմամբ:
Իմքայլական պատգամավորն ասաց, որ նախկին համապետական ընտրությունների ժամանակ եղել է շտաբ, որն այժմ իրենք օգտագործում են ու այս օրերին հավաքվում, քննարկումներ են իրականացնում: «Մենք շատ լավ գիտեինք, երբ ենք քարոզարշավի գնալու, երբ ենք սկսելու մեր աշխատանքները, ուղղակի մենք նպատակահարմար չենք գտել այդքան շուտ սկսել քարոզարշավը: Մենք շատ նորմալ աշխատանքային պրոցեսների մեջ ենք», – մեզ հետ զրույցում նշեց Հակոբյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում