ԱԺ նախկին փոխնախագահն առաջարկում է ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, որ այժմ գտնվում է Չինաստանում, պնդում է՝ հարևան Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերից հետո պետք է կտրուկ ու խիստ միջոցներ ձեռնարկել։
«Սա այն դեպքն է, երբ պետք է կտրուկ, համարժեքից էլ խիստ միջոցներ ձեռնարկել։ Ավելի լավ է զգուշավորության չափն անցնել, քան հետո կրակն ընկնել համաճարակի ձեռքը։
Չինական միլիոնանոց Սուանչեն քաղաքում, որտեղից հիմա գրում եմ, ընդամենը 6 վարակման դեպք է արձանագրվել ու դրանցից 4-ն արդեն առողջացել են։ Այս թվերը մի 10 օր կլինի չեն փոխվում։ Այնուամենայնիվ «մեռյալ փակ քաղաքի» կարանտինային ռեժիմը պահպանվում է։
Տրանսպորտը, ներառյալ տաքսիները, չի աշխատում, կենսական նշանակություն չունեցող հիմնարկ-ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները փակ են։ Քաղաքի, ի սկզբանե որպես փակ և պահակային հսկողության տակ կառուցված թաղերում մուտքն ու ելքը նույնպես վերահսկվում է։ Չինացիներին ասել են՝ դիմակ կրեք ու նրանք կրում են, ասել են՝ տանից դուրս մի եկեք ու նրանք դուրս չեն գալիս, նույնիսկ շենքերի բակերն են ամայի։
Ակներև է, որ Չինաստանի ամբողջատիրական ռեժիմի պայմաններում շատ ավելի հեշտ է խիստ կարանտինի միջոցով համաճարակի դեմն առնելը, ինչը և արվում է։ Ես չեմ պատկերացնում՝ ոնց կարելի կլինի մեր քաղաքներում նման խիստ կարանտին իրականացնել։ Ավելի հեշտ ու էժան կլինի Հայաստան մուտքն արգելափակելը։
Իրանում բռնկման դեպքի հետ կապված, ՀՀ իշխանություններին առաջարկում եմ`
- ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը։
- Փակել Մեղրիի անցակետը` բացառությամբ Իրան վերադարձող իրենց քաղաքացիների համար և Հայաստան վերադարձող մեր քաղաքացիների համար։
- Մեղրիի կամ Ագարակի տարածքում շտապ առանձնացնել կարանտինային տարածք, որտեղ մարդկային նորմալ պայմաններում, բուժհսկողությամբ, սնունդով ու կապի բոլոր միջոցներով ապահովված, առնվազն 2 շաբաթ, կարանտին կանցնեն Իրանից ժամանած մեր քաղաքացիները։
- Շտապ կազմել վերջին 24 օրում Իրանից Հայաստան մուտք գործած մարդկանց ցուցակ և վերցնել բոլորին բուժհսկողության տակ։
- Հեռուստատեսությամբ և կապի այլ միջոցներով ամենօրյա հիշեցումներ անել բնակչությանը` հակահամաճարակային անձնական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության ու ձևերի վերաբերյալ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Իսրայելյան. Իրանում կորոնավիրուսից մահացության նոր դեպքեր չեն արձանագրվել
- Իրանում գտնվող հայաստանցիներին դեսպանությունը հորդորում է տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ
- ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսին առնչվող բոլոր քայլերը
- Մեղրիի անցակետ նոր գործուղումներ են եղել՝ Իրանում կորոնավիրուսի դեպքերից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան