Վերջին հրաժեշտը՝ մեծ դերասանին
«Երվանդ Մանարյանի անունն անբաժան է մեր կինոյի՝ ավելի քան հիսուն տարիների պատմությունից։ Կինո, որ ազգային հարստություն է արդեն, իսկ այդ հարստության ամենավառ գույներից հենց Երվանդ Մանարյանն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը։
Նա եկել էր վերջին հրաժեշտը տալու մեծ դերասանին։ Մուրադյանը նկատել էր, մարդիկ Մանարյանին սիրում են ընտանիքի անդամի պես։
«Նա այն դերասանը չէր, որ լիներ պատվանդանի վրա, նա քո կողքին էր, հարազատ օջախում էր։ Նրան սիրում են մանուկները, ծերուկները, աշխատավորն ու ակադեմիկոսը։ Դա մի շնորհ է, ոչ միայն գեղարվեստական, այլ՝ մարդկային։ Այն արվեստը, որ նա ստեղծեց, բխում էր իր մարդկային էությունից՝ կենարար հումորի, շռայլ բարության, արվեստագետի արժանապատվության»,-ասաց Մուրադյանը։
Հիշեցնենք, որ դերասանին վերջին հրաժեշտի արարողությունը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում է։
Երվանդ Մանարյանին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
Երվանդ Մանարյանը ծնվել է Իրանում 1924 թվականին։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։
Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։
Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Խաղացել է նաև «Հարսնացուն Հյուսիսից»,«Հարսնացուն Ջերմուկից»,«Տժվժիկ», «Մորգանի խնամին» և այլ հայտնի ֆիլմերում։
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։
Հարակից հրապարակումներ`
- Ցավ ես զգում, որ նման մարդիկ հեռանում են.արվեստի գործիչները՝ Մանարյանի մասին
- Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել
- Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ
- Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան