Քաղաքացին ոստիկանին դիմելու փոխարեն դիմում է քրեական հեղինակությանը
«Լրջագույն խնդիրը՝ ոստիկանության հանրային ընկալումն է»,- հայտարարեց Դանիել Իոաննիսյանը՝ «Իրազեկ քաղաքացիական միավորման» գրասենյակում կազմակերպված «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» խորագրով խորհրդակցության ժամանակ։
«Մարդիկ, որոնք ունենում են խնդիրներ, որոնց լուծումը, կարծես թե, ոստիկանության տիրույթում պետք է լինեն, չեն դիմում ոստիկանությանը, որովհետև չեն ակնկալում, որ ոստիկանությունը կլուծի իրենց խնդիրները։ Մարդիկ դիմում են բազմաթիվ մեխանիզմների՝ սկսած քրեական հեղինակություններից վերջացրած մեծ ախպերների։ Ոմանք էլ ոչ մեկին չեն դիմում։ Այստեղ խնդիր կա և կարևոր է, որ բարեփոխումների արդյունքում ոստիկանը հանրության կողմից ընկալվի որպես ընկեր»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։
Բանախոսն այդ առումով կարևորեց Ոստիկանական ակադեմիայի որակական բարեփոխումը։
ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց հայտարարությանը՝ նշելով, որ ոստիկանությունը իր պատմության ընթացքում ունեցել է մի ժամանակահատված, երբ քրեական հեղինակությունները վախեցել են մոտենալ ոստիկանության շենքին, իսկ դրանից հետո եղել են դեպքեր, որ նրանք ուղղորդել են ոստիկանապետին։
Պատգամավորը հայտարարեց, որ ոստիկանությանն ամենամեծ հարվածը հասցվել է 1996 թվականին, երբ միավորվեցին Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը։
Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ լավ իրազեկված է, քանի որ խորհրդային տարիներին եղել է ներքին գործերի փոխնախարար և նույն պաշտոնը զբաղեցրել է նաև նորանկախ Հայաստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան