Ըստ մասնագետների, Ենոքավանում քաղաքացու վրա հարձակված կենդանին ոչ թե հովազ, այլ լուսան է եղել
«Երբ Ենոքավանում վայրի կենդանին հարձակվեց քաղաքացու վրա, անմիջապես աշխատանքային խումբ ստեղծվեց՝ հասկանալու տարածքում կա՞ հովազ, թե ոչ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը։
Նա նշեց, որ աշխատանքային խումբը տարածքը ուսումնասիրել է և հայտնաբերել կենդանու ոտնահետքեր, որոնք նման են հովազի կամ այլ կատվազգի կենդանում ոտնահետքերի. «Տարածքում նկատել և նկարել են սովորական այծյամ, գայլ, փորսուղ, աղվես, կզաքիս, անտառային կատու և սովորական նապաստակ»։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն էլ փաստեց, որ տարածքում իրենք հովազ չեն հայտնաբերել, իրենց տեղադրած տեսախցիկները նկարել են տարբեր կենդանիների, բայց ոչ հովազի։
NABU Հայաստանը ևս իրականացրել է ուսումնասիրություններ, սակայն տարածքում հովազ չի նկատել։ «Մեր ֆոտոթակարդները շարունակում են մնալ տարածաշրջանում, ապրիլին նույնպես կստուգենք՝ տեսնելու, թե ինչ նկարներ կան»,- ասաց NABU Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը։
Կարեն Մանվելյանը տեղեկացրեց, որ վնասված քաղաքացու հագուստի վրա նկատված կենդանու մազեր, և դաշտում էլ հայտնաբերված կղանքը ուղարկել են Գերմանիա՝ փորձաքննության։
«Զենկենբերգ լաբորատորիայում ուսումնասիրություն է արվել, և պարզվել, քաղաքացու հագուստից վերցված մազերը և դաշտից վերցված կղանքը պատկանում է սովորական լուսանի, այլ ոչ հովազի։ Այնտեղ գայլի և աղվեսի որոշ գենետիկական հետքեր կային»,- նշեց Մանվելյանը։
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի «Ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի» վարիչ ՝ Մամիկոն Ղասաբյանը տեղեկացրեց՝ հենց սկզբից էլ իրենք շատ քիչ հավանական են համարել, որ տարածքում կարող է հովազ լինել։ Իրենք ավելի շատ հակված են եղել մտածելու, որ քաղաքացու վրա հարձակված կենդանին լուսան է եղել։
«Այդ տարածքում հովազ եղել է այն ժամանակահատվածում, երբ այնտեղ կային բեզուրայան այծեր, սակայն դա եղել է նախորդ հարյուրամյակի 50-60-ական թվականներին։ Իրականում, մենք շատ կուզեինք, որ հարձակվող կենդանին հովազ լիներ, որ Հայաստանում հովազները պահպանված լինեին։ Դրանք քիչ-քիչ վերանում են Հայաստանից, և մենք շատ կուզեինք, որ այդ տարածքում հովազ լիներ»,- ասաց Ղասաբյանը։
Այնուամենայնիվ, մասնագետները չեն ցանկանում լիարժեք ժշտել Ենոքավանում հովազ լինելու հավանականությունը. «Կա սիրողական տեսանկարահանում, որ մենք մեծացրինք և նայեցինք, այնտեղ ինչ-որ բան երևում է, որ նման է հովազի։ Մենք այստեղ ներկայացնում ենք մեր ուսումնասիրությունների արդյունքը, որը հիմնված է մեր ստացած փաստերի հիման վրա»։
Չնայած մասնագետների դիտարկումներին, 2019 թվականի նոյեմբեր ամսին, իր համոզմամբ, հովազի հարձակմանը ենթարկված 35-ամյա Արման Գաբրիելյանը շարունակում է պնդել՝ իր վրա հարձակվել է ոչ թե լուսան, այլ հովազ։
«Կենդանու պոչը շատ երկար էր, իսկ լուսանինը կարճ է։ Հարձակվելու պահին կենդանին իր ձագի հետ չէր, այլ ուղղակի փակուղու մեջ էր, պուճուր քարանձավից է դուրս եկել։ Դեպքից հետո գյուղացիները վախենում են էդ տարածք գնալ»,- տեղեկացրեց Գաբրիելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան