Լևոն Երանոսյանի գործով դատական նիստին ներկա է տուժող Ալեն Սիմոնյանը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործի քննությունը։ Նիստում իրականացվեց տեսաժապավենների ուսումնասիրություն։Դատական նիստին ներկա է տուժող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ամբողջ հեղափոխության ժամանահատվածում տարվել է այն քաղաքականությունը և եղել է այն տրամաբանությունը, որ բռնություն ընդհանրապես չի կիրառվելու, որևէ մեկն, ով կկիրառի բռնություն, սադրիչ է, նույն րոպեին ժողովորդի միջից դուրս կհանվի: Չեմ բացառում, որ այդ ժամանակ եղել են նաև կազմակերպված սադրիչների խմբեր»,- դատարանում հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով, եթե դուրս հանեն հնարավոր սադրիչների գործողությունները, Հայաստանի քաղաքացիների կողմից որևէ լարվածություն չի եղել, չէր կարող լինել ի սկզբանե: Ա. Սիմոնյանի խոսքով, ոստիկանների կողմից վահանակներին հարվածելը, պայթյունները հոգեբական ճնշում էր առաջացնում.
«Շատ մարդիկ գտնվելով այդտեղ, նաև ես, գտնվել ենք ոչ այնքան հավասարակշռված վիճակի մեջ: Մեղադրել մարդկանց կամ ասել, որ այդ մարդիկ սադրիչ են այն պարագայում, երբ անընդհատ, կոնկրետ նախատեսված միջոցներ էին կիրառում, կարծում եմ՝ առնվազն անլուրջ է:Պետք չէր Բաղրամյան փողոցը մարտի դաշտ սարքել ու հետո զարմանալ, որ մարդկանց, ում վրա նռնակներ էին գցել, վիրավորվել էին, արյուն էին տեսնում, փորձում էին ինչ որ դիմադրությունն ցույց տալ և հիմա դա ներկայացել, իբրև ոստիկանության հետ բախում է եղել»:
Նա նշեց, որ հիվանդանոցում իր հետ եղել են բազմաթիվ ոստիկաններ, որոնք տուժել էին ոչ թե ցուցարարների գործողություններից, այլ հատուկ միջոցներից:
«Միջոցները կիրառվել են այնպես, որ մեկ է եղել՝ ոստիկան կտուժի, թե ցուցարար»,- ասաց Ա. Սիմոնյանը:
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով:
Ըստ մեղադրանքի` Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:Լևոն Երանոսյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին խափանման միջոց։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Երանոսյանի՝ ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել է
- Լևոն Երանոսյանի գործը կքննի դատավոր Հարություն Մանուկյանը
- Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ հարուցվել է նոր գործ
- Փաստաբան. Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին