Լայչակ․Սլովակիան լիարժեք սատարում է ԼՂ հարցի հանգուցալուծման գործընթացին, որն առաջնորդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
Այսօր Հայաստանում է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակը, որը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդես եկավ համատեղ մամուլի ասուլիսով։
Լայչակը նշեց, որ վերջին անգամ նախորդ տարվա մարտին էր Հայաստանում՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, իսկ այս անգամ արդեն երկկողմ այցով, որի շրջանակներում կբացվի նաև ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատունը։
«Դեռևս տեղ կա խթանելու երկկողմ հարաբերությունները, խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը։ Վստահ եմ, որ մեր դեսպանության գործունեությունը կնպաստի դրան»,-ասաց Միրոսլավ Լայչակը, հավելելով, որ ակնկալում են առավել սերտ համագործակցություն կրթության, զբոսաշրջության, մշակութային փոխանակումների ասպարեզում, նաև ավելի մեծ հնարավորություններ տնտեսական ոլորտում։
Լայչակը նշեց, որ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպմանը տեղեկացրել է հունվարին Ժնևում Ադրբեջանի իր գործընկերոջ հետ վերջին հանդիպման մասին։ Քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերությունները, կարևորելով, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն արդեն պայմանականորեն գործարկվել է, որը նոր հնարավորություններ է բացում։
«Հունիսին տեղի կունենա Արևելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողովը, որը կգույքագրի այս ծրագրի 10 տարվա ընթացքն ու կկանխանշի հետագա համագործակցությունը։ Սլովակիան սերտորեն սատարում է Արևելյան գործընկերության ծրագրին»,- նշեց Լայչակը։
Նա, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ներկա հարաբերությունների վերաբերյալ հարցին, ասաց, որ ամեն անգամ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ԼՂ քննարկումների մաս է կազմում։
«Նախորդ տարի ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության ընթացքում մենք մեծ ուշադրություն դարձրինք այդ խնդրին և այժմ նշեցինք այն փաստը, որ 2 ԱԳ նախարարները հանդիպեցին Ժնևում, նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հանդիպեցին նախորդ շաբաթ Մյունխենում։ Սրանք, մեր տեսանկյունից դրական զարգացումներ են։ Սլովակիան լիարժեք սատարում է հանգուցալուծման գործընթացին, որն առաջնորդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Սլովակիան պատրաստ է իր հասանելիքն անել»,- ընդգծեց Միրոսլավ Լայչակը։