Բժշկական դիմակներ չկան ու չեն լինելու
Մի քանի շաբաթ առաջ, երբ Չինաստանում կորոնավիրուսի վարակի ու մահվան դեպքերի շուրջ աղմուկը դեռ նոր էր, Երևանի փողոցներում հաճախ կարելի էր տեսնել բժշկական դիմակներ կրող մարդկանց։ Հիմա դիմակավորները հազվադեպ են։ Դեղատներում դիմակ չեք գտնի։
Panorama.am-ը մարդկանց ահազանգերի հետքերով եղավ մայրաքաղաքի դեղատներում։ Որևէ մեկում դիմակ չկար։
Շենգավիթում գործող դեղատներից մեկում աշխատակիցն ասաց՝ չունեն արդեն երկար ժամանակ, վերջին մեկ տուփը, որի մեջ եղել է 50 դիմակ, ամբողջությամբ գնել են չինացիներ։ Այստեղ խոստովանեցին՝ դիմակների նվազմանը զուգահեռ մի քանի տասնյակ դրամով աճել է դրանց գինը։
«Մեկ ամսից ավելի է դիմակ չկա։ Չինաստանից էինք ստանում, հիմա չեն վաճառում»,-ասացին Մաշտոցի պողոտայում գործող դեղատներից մեկում։
Նույն պողոտայում գործող «Ուրարտու» խանութում տեղակայված դեղատնից հայտնեցին՝ երեկ է սպառվել, վաղը դիմակ կունենան։ Խոստմանը դժվար է հավատել, բայց վաղը կստուգենք։
«Նատալի ֆարմ»-ը ցանցում 124 դեղատուն ունի։ Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին՝ միայն Արտաշատ քաղաքի դեղատանն ունեն չորս դիմակ, Աբովյանում՝ երկու դիմակ։ Մնացած խանութներում չկա։ Ներկրել են չինական եռաշերտ դիմակներ, տուփում 50 հատ, վաճառել են 1300 դրամով։ Հավատացրին՝ ընթացքում գինը չի բարձրացել։
«Ալֆա-Ֆարմ»-ից հայտնեցին՝ պահեստում դիմակ չունեն, թե երբ կլինի՝ չեն կարող ասել։
9-11-ում էլ ասացին՝ չունեն, չեն կարող ասել, թե երբ կունենան։
Նման դեֆեցիտի պայմաններում որտեղի՞ց են դիմակ ձեռք բերում բժշկական կենտրոններում։ «Էրեբունի» ԲԿ-ից ասացին՝ իրենք կատարում են մեծածավալ գնումներ, այս պահին էլ պահեստում դիմակներ ունեն։
Հայաստան դիմակները բացառապես ներկրվել են, Առողջապահության նախարարությունից Panorama.am-ին ասացին՝ տեղական արտադրող չկա։
Չինաստանից դիմակների ներկրմամբ զբաղվող «Մեդպրո» ՍՊԸ տնօրեն Արտավազդ Օհանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, վերջին խմբաքանակն ընկերությունը ներկրել է նախորդ տարվա սեպտեմբերի-հոկտեմբեր ամիսներին։ Իմանալով հայաստանյան շուկայում դիմակի պահանջարկը՝ նախորդ տարի էլ չեն պատվիրել։ Ներկրողի խոսքով, իր ընկերությունն անցած տարիներին միջին հաշվով տարեկան ներկրել է 500-700 հազար դիմակ։
«Ներկրողներ շատ կան, բայց մենք գիտենք դրա պահանջարկը։ Նման ֆորսմաժոր ոչ մեկ չէր սպասում»,-ասաց նա։
Գործարարը մանրամասնում է՝ դիմակները Հայաստան բերվել են հիմնականում Չինաստանից։ Քանի որ հունվարի 15-ից փետրվարի 3-ը Չինաստանում նշում են Նոր տարին ու այդ երկրում եղել են ոչ աշխատանքային օրեր, արտադրություն չի իրականացվել։ Հետագայում պայմանավորված կորոնավիրուսի վարակի տարածմամբ ու մահվան դեպքերի ավելացմամբ, ոչ աշխատանքային օրերը երկարացվել են նախ մինչև փետրվարի 9-ը, ապա՝ փետրվարի 15-ը, ավելի ուշ՝ փետրվարի 23-ը։ Դիմակներ արտադրող ընկերություններն աշխատում են միայն ներքին շուկայի համար, արտահանում հնարավոր չէ։
Հնարավո՞ր չէ այլ շուկաներից կազմակերպել արագ ներմուծումներ։ Գործարարի խոսքով, արագ կազմակերպելու համար դիմակներ պետք է բերվեն հարևան երկրներից՝ Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից։ Վրաստանում բժշկական դիմակի արտադրություն չի իրականացվում։
«Բայց հիմա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի արտադրող ընկերությունները դիմակներն ուղարկում են Չինաստան, քանի որ այնտեղ երկար ժամանակ չի արտադրվել, իսկ պահանջարկն էլ մեծ է։ Չինաստանում մեկ տուփ դիմակը հասել է մինչև 50 դոլարի։ Արտադրողները 3-4 ամսվա կտրվածքով պատվերներ ունեն, չեն կարող նոր պատվեր ընդունել։ Արտադրված ողջ խմբաքանակն ուղարկվում է Չինաստան»,-ասաց ներկրող ընկերության տնօրենը։
Դիմակի ներկրում այս օրերին հնարավոր է, եթե որևէ ընկերություն պատվերն արել է դեկտեմբերին։ Նավով բեռները Չինաստանից Հայաստան հասնում են 2-2.5 ամսվա ընթացքում։
«Բայց չեմ կարծում, որ դա կլինի մեծ խմբաքանակ»,- ասաց Ա. Օհանյանը։
Ստացվում է՝ ամիսներ շարունակ դիմակի դեֆիցիտը Հայաստանում պահպանվելու է այն պարագայում, երբ հարևան Իրանում էլ վարակի ու դրա հետևանքով մահվան դեպքեր կան։
Այս իրավիճակում խիստ ուշագրավ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, թե նախարարությունն ու նրա ենթակայությամբ գործող մարմինենրն ունեն բավարար մասնագիտական և տեխնիկական ներուժ վարակիչ հիվանդություններին համարժեք արձագանք տալու համար։
Ստեղծված իրավիճակում մնում է հույսը դնել դիմակ պատրաստելու սեփական հմտության վրա։
Կարելի է թեկուզ այս եղանակով՝ վերցնել բամբակե կտոր, բաժանել շերտերի, ապա դրանք ամրացնել իրար, որքան շատ են շերտերը, այնքան արդյունավետ է դիմակը, այնուհետև կապիչներ ամրացնել։ Դիմակը կարելի է պատրաստել նաև մառլյայով։ Դրանք կարելի է լվանալ օրվա մեջ մեկ անգամ, արդուկով ախտահանել մի քանի ժամը մեկ։
Ու պետք է միշտ հիշել՝ հիվանդությունը կանխելն ավելի էժան է ու հեշտը, քան բուժելը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ը կորոնավիրուսի դեմ պայքարին հատկացրել է 230 մլն եվրո
- Չինաստանը վստահ է՝ կորոնավիրուսի դեմ շուտով հաղթանակ կտանի
- Փաշինյան. Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների
- Եթե, թեկուզ կորոնավիրուսի 1 դեպք գրանցվի, մեղավորն Արսեն Թորոսյանն է
- Իրանը զինված ուժերը ևս կօգտագործի կորոնավիրուսի դեմ պայքարում
- Հայաստանը երկու շաբաթով կփակի Իրանի հետ սահմանը
- ԱՄԷ-ում կորոնավիրուսով հիվանդ իրանցիներ են գրանցվել
- Մեղրիի անցակետ նոր գործուղումներ են եղել՝ Իրանում կորոնավիրուսի դեպքերից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին