Դեռևս նախորդ տարվանից պղնձաձուլարան ստեղծելու գործընթացները մեկնարկել են. Անանյան
«Չինաստանը մեր առևտրային չորրոդ գործընկերն է. տարեկան մոտավորապես 800 մլն դոլարի արտահանում և ներկրում է իրականացվում»,- այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Պատգամավորը նշեց, որ Հայաստանը դեպի Չինաստան արտահանում է պղնձի խտանյութ, սակայն բուն պղինձ չի կարողանում արտահանել, քանի որ պղնձաձուլական գործարան չկա։
«Սա լավ չի, որ մենք պղնձի խտանյութ ունենք, սակայն մաքուր պղինձ չենք կարողանում արտահանել»,- շեշտեց Մելքումյանը, ապա դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարցրեց՝ կառավարությունը պղնձաձուլարան ունենալու ուղղությամբ ի՞նչ է մտածում։
Անանյանը հակադարձեց պատգամավորին, ասելով, որ պղնձաձուլարանի մասին անընդհատ խոսվել է, և ձուլարանը տնտեսական իրագործելիության և խելամտության որոշակի թեստեր պետք է անցնի.
«Այն խոշոր կապիտալ ներդրումներ է ենթադրում, և մի քանի խոշոր արդյունահանողներ պետք է միանային և ժամանակին անգամ չինացիների հետ կար բանակցություններ և այդպիսի ձուլարան պետք է կառուցվեր։ Տարբեր առիթներով այդ բանակցություներն ընդհատվում են, բայց ինձ հասանելի տեղեկատվությամբ, դեռևս նախորդ տարվանից այդ գործընթացները մեկնարկել են»։
Մելքումյանը հետաքրքրվեց նաև՝ կա՞ միտում, որ Հայաստանը ՉԺՀ-ից ավելի շատ տեխնոլոգիա ներկրի։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ բիզնեսն ինքն է որոշում՝ որ ապրանքը որտեղից ներմուծի։
«Չինաստանից խոշոր ներմուծվող ապրանքների տասնյակում կան տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք էլի ներմուծվում են։ Բայց, ցավոք սրտի, ամենաշատ ներկրվող ապրանքը վերավաճառքի համար է ներմուծվում։ Չինաստանից Հայաստան ամենաշատը կոշիկ և ռետինե անվադողեր են ներկրում։ Հաջորդ տեղում հանքաքարերն ու հանքանյութ լվանալու սարքավորումներ են, ապա հագուստ, տրիկոտաժ, հեռախոսային ապարատներ, օդի որակավորման կայանք, օդորակիչ և այլն։ Մենք պետք է համագործակցելով հնարավորույուն ստեղծենք, որ այլ ապրանքների նկատմամբ էլ հետաքրքրությունը մեծանա»,- ասաց Անանյանը։