ՀՀ-ն ՉԺՀ մաքսային ծառայությունից կստանա ամբողջական տեղեկատվություն 10 ապրանքների վերաբերյալ
«ԵԱՏՄ երկրների մաքսային սահմաններով և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սահմաններով տեղափոխվող ապրաքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ այսուհետ երկուստեք տեղեկատվություն կտրամադրվի»,- այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Հանձնաժողովը քննարկում է «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիրը վավերացման հարցը։
Վերջինիս խոսքով, սկզբնական փուլում տրամադրվող տեղեկատվության ծավալում ներառված է ապրանքի հայտարարագրի համարը, ապրանքի խմբաքանակի համարը, անվանումը, թվային արժեքը, ուղարկող երկիրը և այլն։
«Կողմերի միջև կա համաձանյություն, որ սկզբնական փուլում ԵԱՏՄ հարթակում գործող պորտալի միջոցով փոխանցվում է տեղեկատվություն 10 ապրանքների գծով, և ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր ընտրել է իր համար 2 կարևորագույն նշանակություն ունեցող ապրանք, որոնց վերաբերյալ ՉԺՀ մաքսային ծառայությունից տեղեկատվություն է ակնկալում։ ՀՀ-ն ընտրել է կոշիկի և անվադողերի վերաբերյալ տեղեկատվություն, որովհետև 2019 թվականի ընթացքում այդ 2 ապրանքախմբի գծով է խոշոր ներմուծումների ծավալ ապահովվել»,- նշեց Անանյանը։
Ըստ Անանյանի, ավելի հեռահար ծրագրերով կողմերը միմյանց ինֆորմացիա են տրամադրելու բոլոր ապրանքների գծով։
ՊԵԿ նախագահը նշեց, որ այդ ամբողջական տեղկատվության տրամադրումը լինելու է փուլ առ փուլ. «Տեխնիկական հնարավորությունների ավելացմանն ու արդիականացմանը զուգընթաց տրամադրվող տեղեկատվությունը կավելանա։ Եվ վերջում մենք ունենալու ենք պատկեր, որ փոխանակվելու է բոլոր ապրանքների գծով ամբողջական ինֆորմացիան»։
Համաձայնագիրով կողմերը պարտավորվում են նաև ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և ջրային տրանսպորտի տեսակներով ԵԱՏՄ և ՉԺՀ մաքսային սահմաններով տեղափոխվող միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների և փոխադրվող ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել միմյանց։