Մենուա Սողոմոնյան. Բուհերի կառավարման խորհրդի նման վերահսկողությունը պետության կողմից վտանգավոր է
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջընթաց ապահովող շատ դրույթների կողքին ունի նաև խնդրահարույց դրույթներ։ ԱԺ-ում մտահոգություն հնչեցրեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը՝ որպես այդպիսին նշելով հոդված 26-ը, որը վերաբերում է բուհի կառավարման խորհուրդի քվոտավորմանն ու ստեղծման կարգին։
Դրույթով բուհի կառավարման խորհուրդի անդամների թիվ է ամրագրվում 12-ը, որից միայն մեկը կարող է լինել բուհի հետ համագործակցող կազմակերպություններից։
«Այս մոտեցումը ճիշտ չեմ համարում այն պատճառով, որ Հայաստանի բուհերն իրարից տարբերվում են մասնագիտական գործունեության ուղղություններով, դասախոսների, ուսանողների թվով, կրթական ծրագրերով ու այլ չափանիշներով»,-ասաց նա։
Սողոմոնյանը նկատեց, մի քանի հարյուր ու մի քանի հազար ուսանողներ ունեցող տարբեր բուհերի համար կառավարման խորհուրդի անդամների նույն թիվ նախատեսելը, մեկ անդամ գործատուներից ճիշտ չէ։
«Օրենքի այն դրույթը, որ կառավարման խորհրդի անդամների կեսից ավելիի նշանակումը վերապահված է պետությանը, ի դեմս լիազոր մարմինի ու հիմնադրի, ոչ հանիրավի քանիցս որակվել է որպես բուհական ինքնավարության սկզբունքի խախտում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բուհերի կառավարման գլխավոր մարմինների, կառավարման խորհրդի նման վերահսկողությունը պետության կողմից վտանգավոր է։
«Պետք է ի նկատի ունենալ, որ օրենքը գրվում է ոչ միայն տվյալ ժամանակի իշխանությունների՝ ենթադրյալ բարի կամքը հաշվի առնելով, այլև այն, որ այս իրավակարգավորումը ցանկացած ժամանակ կարողէ չարաշահվել»,-ասաց նա «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ։
Նա խնդրեց, առաջարկեց՝ օրինագծի շտկման, բարելավման աշխատանքների ժամանակ ամրագրել բուհի կառավարման խորհուրդի անդամների ոչ թե թիվ, այլ խելամիտ թվային միջակայք՝ նվազագույն ու առավելագույն շեմերով, բուհի հետ համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների քվոտա սահմանել 30 տոկոսը, որոնց կնշանակի բուհի ակադեմիական խորհուրդը, բուհի կառավարման խորհրդում բուհական համայնքի ներկայացուցիչների քվոտա սահմանել 40 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Արզումանյան. Ասել ԳԹ-ն ժամանավրեպ է, նշանակում է ասել, որ հաց բառը ժամանակավրեպ է
- Նապոլեոնը տորթ չէ, Սասունցի Դավիթն էլ՝ միայն արձան